Երեքշաբթի, 1 Նոյեմբերի 2016 19:59
Դավիթ Ստեփանյան

Գյուղնախարարը Կոնվերս Բանկի ղեկավարության հետ քննարկել է ոլորտի վարկավորման պիլոտային ծրագիրը

Գյուղնախարարը  Կոնվերս Բանկի ղեկավարության հետ քննարկել է ոլորտի վարկավորման պիլոտային ծրագիրը

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է «Կոնվերս բանկի» խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանին և խորհրդի անդամ Խուան Կարլոս Օսկոիդիին: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին` նախարարը հակիրճ ներկայացրել է նոր կառավարության ծրագրով գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղված առաջնահերթությունները` կարևորելով  այդ աշխատանքներում մասնավոր հատվածի ներգրավումը և համատեղ ծրագրերի իրականացումը:

 

«ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը բաց է բոլոր առաջարկների համար և պատրաստակամ քննարկել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը նպաստող ծրագրեր, որոնք հետաքրքիր կլինեն Ձեզ համար»,- նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Նախարարը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում` մասնավորապես կաթի արտադրության կազմակերպման, բերքի իրացման, գինեգործության, ինտենսիվ այգիների հիման գործում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար այսօր  գյուղացին և արտադրողը չունեն բավարար միջոցներ և պատրաստ չեն ներդրումներ անել, և առաջարել է կողմերի ներգրավման միջոցով իրականացնել պիլոտային ծրագիր:

 

Խուան Կարլոս Օսկոիդիին դրական է արձագանքել նախարարի առաջարկին` հավելելով, որ իրենք կարևորում են Հայաստանում գյուղատնտեսության զարգացումը և արդեն իսկ աջակցության ծրագրեր են իրականացնում մասնավորապես կաթի արտադրության ոլորտում: Նա առաջարկել է  նախարարության կոորդինացման ներքո ստեղծել «գյուղատնտեսական սեղան», որի շուրջ կհամախմբվեն շղթայում ընդգրկված բոլոր կողմերը` արտադրող, վերամշակող, պետություն, ֆինանսական կառույց, ինչպես նաև ներկայացնել կոնկրետ ուղղություն, որտեղ քաղաքականության տեսանկյունից առավել նախընտելի է իրականացնել փորձնական ծրագիրը` շեշտելով, որ իրենք պատրատ են անմիջապես անցնել այդ աշխատանքների կատարմանը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ռենկինգի, Հայաստանի բանկերի կողմից գյուղատնտեսության ոլորտում կատարված ներդրումները 2016 թվականի հուլիսի 1-ին կազմել են 159.8 մլրդ դրամ ($ 335,3 մլն), կամ բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 7% -ը: Կոնվերս Բանկի վարկային պորտֆելու գյուղատնտեսական վարկերի ծավալը կազմել է 4%: