Արմինֆո. ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կոչ է անում «Ամուլսարի» ոսկու հանքավայրի շահագործման նախագծի քննարկման ժամանակ մի կողմ դնել էմոցիաները: Այդ մասին նա ՀՀ խորհրդարանում հայտարարել է նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
Նախարարն ընդգծել է, որ հասարակական կազմակերպությունների հետ նախօրեին այդ հարցի շուրջ տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում նա չի նկատել անհանգստության լուրջ հիմնավորումներ և հիմքեր: Նա նկատել է, որ Ամուլսարի նախագիծն ամենաշատ քննարկվողներից է: «Բայց ցանկացած քննադատություն և հայտարարություն պետք է տեղավորվի խելամտության շրջանակներում: Սա այն հարցն է, որի քննարկման ընթացքում ընդունելի չեն մարդկանց էմոցիաների մանիպուլացիաները»,-նշել է նա:
Նախարարը նկատել է նաև, որ մինչ օրս կատարված փորձաքննություններն անօրինական ոչինչ չեն բացահայտել: «Սա խոշոր ներդրումային ծրագիր է, որի քննարկման ընթացքում անհրաժեշտ է ցուցաբերել զգուշություն»,-նշել է նա, նկատելով նաև, որ հայ բնապահպանների մի մասը պատասխանատվություն չի զգում իր հայտարարոթյունների համար:
Նշենք, որ օգոստոսի 19-ին վայոց Ձորի մարզում տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու ծրագրի շինարարության մեկնարկի արարողությունը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Lydian Armenia ընկերության մամուլի ծառայությունից: Միջոցառմանը ներկա էին Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լ. Յոլյանը, Էկոնոմիկայի նախարար Ա. Մինասյանը, շրջակա համայնքների ղեկավարներ, մարզպետներ, այլ պաշտոնատար անձինք: Մասնակիցների թվում էին Լիդիան Ինթերնեյշնլի տնօրենների խորհրդի անդամները, ընկերության բաժնետերեր, IFC և ՎԶԵԲ ներկայացուցիչներ, Հայաստանում Համաշխարային Բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակների ղեկավարներ Լորա Բեյլին և Տերեսա Դաբան Սանչեսը: Ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Ծրագրի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար: Շինարարության առավել ակտիվ շրջանում ծրագրում զբաղված կլինի 1300 մարդ, արդյունահանման 10 տարիների ընթացքում Լիդիան Արմենիան կապահովի 700 աշխատատեղ: