Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է, որ բյուջեն, կառավարությունը որևիցե ձևով չի սուբսիդավորում գազ մատակարարող ընկերությանը:
ՙՍակագները հետևյալն են՝ 10.000 խորանարդ մետրից ավելի գազ սպառողի համար 257.56 դոլարից դարձել է 242.1 դոլար: Եթե այդ կազմակերպությունը սպառում է ավելի գազ, քան նախկինում սպառել է, ապա ավելի սպառած գազի սակագինը կարող է դառնալ 212 դոլար: Այսպիսով՝ «Գազպրոմ Արմենիաե-ն փորձ է անում մոտիվացնել, որպեսզի շուկան մեծանա, ընդլայնվի և բիզնեսը հնարավորություն ունենա իր ինքնարժեքի վրա, շուկայի մեծացման հաշվին աշխատի և բիզնեսը շահավետ դառնա՚,- ասել է նա: Մինչև 10.000 խորանարդ մետր սպառում ունեցող բնակչության համար սակագինը 146.7 դրամից դարձել է 139 դրամ, սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ «Գազպրոմ Արմենիաե-ի հետ միասին մինչև հունվարի 1-ը ճշտել սոցիալապես անապահովների ցանկը: Ինչ վերաբերում է ջերմոցներին և գյուղմթերքներ վերամշակող ձեռնարկություններին, ապա գազի սակագինը 257.56 դոլարից դառնում է 212 դոլար: Ավելի քան 45 դոլարի նվազեցման արդյունքում այդ ձեռնարկությունները հնարավորություն կունենան ընդլայնվել: Վարչապետի խոսքով՝ գազի սակագնի նվազեցման համար հիմք է ծառայել չորս գործոն՝ 1. հունվարի 1-ից ավարտվում է Վրաստանի հետ տրանզիտի պայմանագիրը և ակնկալիքներ կան, որ տրանզիտի գինը կնվազի, 2. սակագների նվազեցման արդյունքում «Գազպրոմ Արմենիաե-ն ակնկալում է շուկայի ընդլայնում, որը կբերի մեկ միավոր վաճառքի մարժայի նվազեցմանը,
3. «Գազպրոմ Արմենիաե-ի ֆինանսական ծախսերի օպտիմալացման ծրագրի իրականացումը՝ ուղղված ընկերության ֆինանսական պարտավորությունների նվազեցմանը և ներդրումային ծրագրերի վերանայմանը, 4. «Գազպրոմ Արմենիաե-ի միակ բաժնետերը շուկայի ընդլայնման և կայունացման համար ֆինանսական ռիսկերը, որոնք կառաջանան այս ընկերությունում, վերցնում է իր վրա:
Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներկայացրել է Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հիմնական նպատակները և գործոնները: Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով՝ նպատակ ունենալով կանխել վերջին տարիներին բնական գազի ընդհանուր սպառման անկումը, ստեղծել նպաստավոր պայմաններ բնական գազի շուկայի կայունացման և սպառման ծավալների աճի համար, ինչպես նաև խրախուսել գազասպառող կազմակերպությունների գործունեության ընդլայնումը: Ընկերությունը նաև հաշվի է առել հետևյալ գլխավոր գործոնները:
Առաջին հերթին Վրաստանի տարածքով բնական գազի տարանցման գնի նվազեցումը: Քանի որ Հայաստանին մատակարարվող բնական գազի տարանցման պայմանագրի ժամկետն ավարտվում է տարեվերջին և ՀՀ բնական գազի մատակարար «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ և «Վրաստանի գազատրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ի միջև պետք է կնքվի նոր պայմանագիր: Հաշվի առնելով դա՝ ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ և վրացական կողմի հետ նախաձեռնել է բանակցություններ՝ բնական գազի տարանցման գնի հնարավոր նվազեցման նպատակով: Երկրորդը դա Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների նվազեցման արդյունքում սպառման ծավալների ակնկալվող աճն է: Երրորդը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ֆինանսական ծախսերի օպտիմալացման ծրագրի իրականացում՝ ուղղված Ընկերության ֆինանսական պարտավորությունների նվազեցմանը և ներդրումային ծրագրերի վերանայմանը, և չորրորդը`«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միակ բաժնետեր «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից նախատեսվող ֆինանսավորումը՝ Հայաստանի բնական գազի սպառման շուկայի կայունացման և աճի միտումների խթանման նպատակով:
Ինչպես արդեն հաղորդվել էր, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ստացել է գազի նոր սակագնի վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հայտը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են հանձնաժողովում, հայտը կքնարկվի ամենասեղմ ժամկետներում: Եվ արդեն, ելնելով օրենսդրական պահանջներից, նոր սակագնի վերաբերյալ որոշումն ուժի մեջ կմտնի 2017 թ. հունվարի 1-ից, քանի որ սակագների վերանայման վերաբերյալ վերջին որոշումն ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա հուլիսի 1-ին: