Արմինֆո. Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, որը սկսել է իր գործունեությունը 2014 թվականից, նոյեմբերի 10-ին բացել է իր դռները նոր տարածքում՝ Երևանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկում, որտեղ զբաղեցնում է շուրջ 1000 քառակուսի մետր տարածք` հագեցած գերժամանակակից տեխնիկայով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը ՀՀ կառավարության, IBM-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի, Երևանի պետական համալսարանի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ ծրագիրն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանի ՏՏ ոլորտում որակյալ կադրերի պահանջարկի բավարարմանը: ISTC-ը կօգնի զարգացնել և կայունացնել ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում ՏՀՏ կրթությունը, խթանել հետազոտական աշխատանքներն ու աջակցել ՏՀՏ ոլորտի ընկերությունների նորարարական գաղափարների զարգացմանը՝ ստեղծելով նպաստավոր միջավայր կայուն բիզնեսի ձևավորման համար՝ սկսնակ թիմերին ու ընկերություններին տրամադրելով աշխատանքային տարածք և ենթակառուցվածքներ, տեխնիկական և գործարար խորհրդատվության, ինչպես նաև նոր կապեր հաստատելու հնարավորություն:
‹‹Ես հպարտ եմ, որ այս յուրահատուկ համագործակցությունը նպատակաուղղված է Հայաստանի ամենաարժեքավոր ռեսուրսներից մեկի` հայ երիտասարդների կրթությանը: Մասնավոր հատվածի և համալսարանների միջև համագործակցությունը ստեղծում է տնտեսական հնարավորություններ Հայաստանի երիտասարդների համար››,- ասել է դեսպան Միլսը բացման արարողության ժամանակ, որին ներկա էին ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և IBM համալսարանների հետ հարաբերությունների տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Բելովը, ինչպես նաև բարձրաստիճան հյուրեր ՀՀ կառավարությունից, IBM-ից, ԱՄՆ դեսպանատնից և Հայաստանի ՏՏ և բիզնես ոլորտի ավելի քան 100 ներկայացուցիչներ:
Դեսպան Միլսը նշել է, որ Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումը վաղուց ի վեր համարվել է առաջնահերթ ուղղություն ԱՄՆ-ի համար: ‹‹ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցությունը Հայաստանի ՏՏ ոլորտին մեկնարկել է մեկ տասնամյակ առաջ: Այս ժամանակահատվածում ԱՄՆ ՄԶԳ-ն կարևոր դեր է խաղացել ամուր և կենսունակ ՏՏ ոլորտի համար կայուն հիմնաքար ստեղծելու գործում: Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծումը ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված մեր համատեղ ջանքերի կարևորագույն ձեռքբերումներից ենք մենք համարում››,- հավելել է դեսպանը: Դեսպանը նաև կարևորել է Կենտրոնի դերակատարումը հայկական ու ամերիկյան բարձրագույն կրթական հաստատությունների միջև համագործակցությունը խթանելու հարցում և նշեց, որ ISTC-ն համագործակցության համաձայնագրեր է կնքել ԱՄՆ-ում մի շարք համալսարանների հետ, ինչպիսիք են Դյուքի, Սթենֆորդի և Ֆորդհամի համալսարանները:
ISTC-ին աշխատում է ուսանողների և դասախոսական կազմի հետ` տրամադրելով նրանց նորագույն ծրագրային և տեխնիկական ռեսուրսներ, ինչպես նաև հետազոտական աշխատանքների և դասընթացների իրականացման համար անհրաժեշտ կրթական նյութեր։ Առ այսօր, ավելի քան 100 դասախոս Հայաստանի 9 առաջատար բուհերից անցել են հատուկ վերապատրաստման դասընթացներ՝ իրենց կրթական ծրագրերի բարելավման համար։ Արդյունքում, ավելի քան 1500 ուսանող 30 թարմացված ծրագրերի հիման վրա դասընթացներ է անցել: Նոր մագիստրոսական ծրագրեր են մշակվել գերժամանակակից ուղղություններով, որոնք կգործեն ՀՀ տարբեր բուհերում մյուս ուսումնական տարվա ընթացքում։
‹‹Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հետամուտ լինելով երկրում ՏՏ ոլորտի զարգացմանը, ինովացիոն միջավայրի ձևավորմանն ու որակյալ կադրերի վերապատրաստմանը, հետևողականորեն նախաձեռնում և կյանքի է կոչում մի շարք ռազմավարական ծրագրեր: Մեր կարևորագույն ձեռքբերումներից մեկն է ISTC կենտրոնի հիմնումը, որի շնորհիվ Հայաստանի համար մատչելի կդառնան միջազգային գիտելիքն ու ֆինանսավորման աղբյուրները, կվերապատարստվեն շուկայի պահանջներին համապատասխան բարձրակարգ ՏՏ մասնագետներ, ինչպես նաև տեղական ընկերությունների համար կստեղծվի գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն››,- ասել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
IBM համալսարանների հետ հարաբերությունների տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Բելովը նշել է, որ ISTC-ի առաջարկված գիտակրթական մոդելը լավագույն փորձերից է, և մոտ ապագայում կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանային համագործակցության համար։ Բելովը անդրադարձավ այն փաստին, որ Հայաստանում ամերիկյան համալսարանը և Երևանի պետական համալսարանը ընդգրկվել են IBM հատուկ համագործակցության համալսարանների ցանկում: Վերջիններիս ընձեռվել է յուրահատուկ հնարավորություն օգտվելու IBM կրթական ռեսուրսից իրենց անձնական ամպային հանգույցից, որը հասանելի է միայն տվյալ համալսարանի ուսանողներին և դասախոսներին։
Պաշտոնական բացմանը հայտարարվել է ISTC մի շարք նոր նախաձեռնությունների, այդ թվում` Հետազոտական դրամաշնորհային ծրագրի մասին, որն ուղղված կլինի Հայաստանի կրթական և գիտահետազոտական համակարգերի զարգացմանը: Ծրագրի շրջանակում տրամադրվելու է IBM ամպային ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն, առևտրայնացման ռազմավարության մշակման և ֆինանսական աջակցություն: Հայտարարվեց նաև ԱՄՆ համալսարանների հետ համագործակցությանը միտված նոր ծրագրի մասին, ինչի շնորհիվ Հայաստանից հետազոտական խմբեր հնարավորություն կունենան IBM-ի հետ համագործակցող ԱՄՆ բուհերում մի քանի շաբաթյա փորձի փոխանակման այցելություններ կատարել:
ISTC-ի պաշտոնական բացման շրջանակում մեկնարկել է Ավելի խելացի Հայաստան 2016 հեքեթոնը: Երկօրյա մրցույթի ընթացքում ուսանողները կմշակեն նորարար լուծումներ ՀՀ առողջապահության, հեռահաղորդակցության և ֆինանսական ոլորտների համար: