Արմինֆո. Կոռուպցիան բացասական ազդեցություն է ունենում աշխարհի ցանկացած տնտեսության վրա և կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի ազգային անվտանգությանը, նոյեմբերի 16-ին կենսունակ հանքարդյունաբերության խնդիրներին նվիրված գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Դեսպանի խոսքով, ԱՄՆ կառավարության գերակայություններից է գործընկեր երկրների տնտեսությունը դարձնել ավելի թափանցիկ, հաշվետու և պայքարել կոռուպցիայի դեմ: Ըստ որում, ինչպես հայտարարել է դեսպանը, կոռուպցիայի դեմ պայքարն առաջնահերթ նշանակություն ունի Հայաստանի գործարար միջավայրի բարելավման համար:
Ռիչարդ Միլսը հիշեցրել է, որ բազմիցս տարբեր առիթներով հայտարարել է, որ
երկիրն ու ժողովուրդը տուժում են բիզնեսում անհավասար պայմաններից և կոռուպցիայից: «Կոռուպցիան բացասական ազդեցություն է ունենում աշխարհի ցանկացած տնտեսության վրա, կարող է քայքայել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և սպառնալիք հանդիսանալ ազգային անվտանգությանը»,- հայտարարել է ԱՄՆ դեսպանը: Միաժամանակ նա նշել է այդ ուղղությամբ որոշ դրական տեղաշարժերը: «Կոռուպցիայի դեմ պայքարում մենք տեսել ենք դրական տեղաշարժեր և ավելի թափանցիկ տնտեսություն կառուցելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը»,- նշել է ամերիկացի դիվանագետը:
Հիշեցնենք, որ դեռ 2015 թ. սեպտեմբերին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր, որ կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար: ՙԿոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճը, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և անգամ, կարծում եմ, երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը՚,- ասել էր Միլսը: Դեսպանի խոսքով, հարցն այն է, թե արդյոք պետությունը ունի կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ գործիքները և կամքը, և արդյո՞ք կա այն քաղաքացիական հասարակությունը, որը պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ և օգնել այդ պայքարում: ՙԵթե մենք չկարողանանք լուծել կոռուպցիայի խնդիրը, որը լուրջ խնդիր է այս երկրում և մեծ դեր ունի Հայաստանի ամենօրյա կյանքում, դա մեծապես կազդի մեր հարաբերությունների վրա շատ կոնկրետ ոլորտներում: Օրինակ՝ ներդրումների: Ես մեծ ջանքեր եմ գործադրում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային հարաբերությունները, ներդրումները խրախուսելու ուղղությամբ: Ես կարծում եմ, որ հիմա ժամանակն է կենտրոնանալու դրա վրա: Սակայն ամերիկյան ներդրումներ հրապուրելու համար ներդրողները պետք է իմանան, որ մուտք են գործում մի միջավայր, որտեղ բոլորին նույն կերպ են վերաբերվում, որտեղ անարդար մրցակցություն չկա, պետական ծառայությունները հավասարապես հասանելի են բոլորին: Եվ եթե հակակոռուպցիոն խորհուրդը չլուծի այս խնդիրները, կարծում եմ դա կվնասի այստեղ ներդրումներ կատարելու հնարավորությունները՚,- ասել էր դեսպանը: