Արմինֆո. Հայաստանի լեռնահումքային արդյունաբերությունն ունի ներդրումային իրական ներուժ: Այս մասին նոյեմբերի 16-ին լրագրողներին հայտարարել է «Լիդիան Ինտերնեյշնլ» (Lydian International Ltd) ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը Երևանում ընթացող` «Հայաստանի ժամանակակից լեռնահումքային արդյունաբերությունը» խորագրով գործարար-համաժողովի շրջանակներում:
Նրա խոսքով, ոլորտի հիմնական մարտահրավերը խորհրդային ժամանակների բացասական փորձն է: «Ցավոք, այդ պրոբլեմը բերել է հատվածի նկատմամբ հանրային վստահության կորստին: Արդյունքում, հաստատվել է մի կարծիք, որ լեռնահումքային ոլորտը պարտադիր կերպով պետք է վտանգավոր լինի բնությանը: Բայց մենք «Լիդիանում» ենք, և մեր անձնական փորձով ուզում ենք ցույց տալ, որ դա այդպես չէ, և լեռնահումքային արդյունաբերությունը կարող է անվտանգ լինել երկրին»,-հայտարարել է Սթիվեննսոնը: Իսկ որպեսզի շրջակա միջավայրի վրա ազդեցության առումով լեռնահումքային հատվածը կարողանա գործել բարձր մակարդակով, նշել է նա, անհրաժեշտ է հետևել միջազգային սահմանված չափանիշներին:
Սթիվենսոնը հիշեցրել է, որ բոլորովին վերջերս ընկերությունը հրապարակեց «Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման» (ԲՍԱԳ) նոր տարբերակը, որը Հայաստանում իր նախադեպը չունեցող մոնումենտալ աշխատանք է բնապահպանական և սոցիալական ռիսկերի հետազոտման տեսանկյունից: Ըստ Սթիվենսոնի, ընկերությունը վերջերս է սկսել հանքավայրի շինարարությունը և յուրացումը: «Մեզ տվեք հնարավորություն, և մենք ցույց կտանք, որ Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից և անվտանգ լեռնային արդյունաբերություն»,-նշել է Հովարդ Սթիվենսոնը:
Նշենք, որ Ամուլսարի նախագիծը խոշորագույնն է Հայաստանում, որի արժեքը կազմում է 370 մլն.դոլար: Այս տարվա օգոստոսին տեղի ունեցավ նախագծի պաշտոնական մեկնարկը, որը նախատեսում է հանքավայրի շինարարությունը և յուրացումը: Նախապատրաստական աշխատանքներն ընթանում են 2006 թվականից: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կազմում է 10 տարի և 4 ամիս, տարեկան նախատեսվում է արդյունահանել միջին հաշվով 200 հազար ուցիա ոսկի (մոտ 10 մլն.տոննա հանքանյութ): Ծրագրի շրջանակներում կստեղծվի 1300 աշխատատեղ` շինարարության ընթացքում (մոտ 2 տարի), իսկ հանքավայրի շահագործման ընթացքում` 650-700 աշխատատեղ (մոտ 10 տարի): Ընկերության հիմնական բաժնետերերն են IFC, EBRD և Newmont Mining Corporation միջազգային ինստիտուցիոնալ ներդրողները: Ընկերության բաժնետոմսերը շրջանավում են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Իր պահուստների չափերով Ամուլսարի հանքավայրը երկրորդն է Հայաստանում: