Արմինֆո. Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Եվրասիական միջկառավարական խորհուրդը քննարկել, ապա հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին նախագիծը: Նախագծի քննարկման ժամանակ ընդգծվել է, որ ի թիվս տնտեսական զարգացման և միասնական տնտեսական տիրույթի հետագա առաջընթացը կարգավորող այլ հարցերի, մասնավորապես՝ հաշվի են առնվել անդամ երկրների բիզնեսի շահերը:
Միջկառավարական խորհրդի նիստում հավանության են արժանացել նաև միասնական շուկայում դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական նորմերը, որոնց համաձայն, 2017 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում կգործի դեղերի միասնական շուկա: Արդյունքում՝ միասնական ընթացակարգին համապատասխան ԵԱՏՄ անդամ երկրներում գրանցված և ճանաչում ստացած դեղամիջոցների համար կապահովվի ազատ շրջանառություն ամբողջ ԵԱՏՄ տարածքում՝ առանց լրացուցիչ ընթացակարգերի: Քննարկման ժամանակ կարևորվել է այն հանգամանքը, որ վերոնշյալ նախագծի ընդունումը կհանգեցնի ԵԱՏՄ տարածքում դեղամիջոցների որակի բարձրացմանն ու դրանց գների նվազեցմանը:
Միաժամանակ ընդգծվել է, որ առհասարակ այս երկու նախագծերի ընդունումն էական քայլ է միասնական շուկայի կայացման ուղղությամբ:
Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշում է ընդունել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2017 թվականի առաջին եռամսյակում՝ Բիշքեկում:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը կարճ ճեպազրույց է ունեցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Վարչապետը բիզնեսի զարգացման տեսանկյունից կարևորել է նիստի ընթացքում ընդունված փաստաթղթերը, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, միասնական շուկայում դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական նորմերը: «Կարծում եմ՝ կարևոր փուլ է առաջ շարժվելու համար: Գրավիչ հանգամանքը Հայաստանի համար մեծ շուկան է: Եթե մեծ շուկան կանոնակարգվում է, խաղի կանոնները ֆիքսվում են, ապա կանոնավոր աշխատող բիզնեսի համար դա լավ է: Բիզնեսի համար անհրաժեշտ են հստակ, հասկանալի, երկարատև խաղի կանոններ»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը: