Արմինֆո. ՀՀ կառավարության նոյեմբերի 18-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ձևավորվել է ներդրումային ծրագրերի ներկայացման միասնական հարթակ:
«Հրավիրում ենք բոլոր գործընկերներին, ովքեր ունեն ներդրումային ծրագրեր, ներկայացնել դրանք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն: Նախարարության էլեկտրոնային կայքում արդեն իսկ տեղադրված են ներդրումային ծրագրերի լրացման միասնական ձևաչափերը, դրանք տրամադրելու հասցեները և պատասխանատու մասնագետների տվյալները: Ելնելով դրանից՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին՝ մեկամսյա ժամկետում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնել առկա ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումային ծրագրեր: Սա չի նշանակում, որ եթե մեկ ամիս հետո նոր ներդրումային ծրագիր լինի, պետք չէ ներկայացնել»:
Գործադիրի ղեկավարն առաջարկել է Երևանի քաղաքապետին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությանը` մեկամսյա ժամկետում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնել առկա ներդրումային ծրագրերը:
Կարեն Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարել է նաև ամփոփել ներկայացված ներդրումային ծրագրերը, ընտրված իրատեսական ծրագրեր ներկայացնել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև պոտենցիալ ներդրողներին և եռամսյակի կտրվածքով ներկայացնել տեղեկատվություն իրականացված աշխատանքների և արդյունքների վերաբերյալ: Գործադիրի ղեկավարի դիտարկմամբ՝ գործընթացը շարունակական է լինելու. «Այս կոչը վերաբերում է բոլոր բիզնեսմեններին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Այնպես չէ, որ բիզնեսմենը չի կարող առաջարկություն ներկայացնել: Գաղափարն այն է, որ կառավարության ծրագրով մենք նախատեսել ենք ստեղծել հատուկ խրախուսման ֆոնդ, որով բիզնեսին պետք է աջակցենք: Կարծում եմ, որ մենք լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավորություն միշտ ունեցել ենք և կունենանք, մեզ պետք են ծրագրեր, որոնք հիմնավոր են և կտան մաքսիմալ էֆեկտ, որպեսզի կարողանանք այդ աղբյուրները ներգրավել»:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ԱՄՆ-ից Հայաստանի տնտեսության իրական հատվածին ուղղված զուտ ներդրումների հոսքը 2016 թվականի հուլիսի 1-ին (I կիսամյակում) կազմել է 564,2 մլն դրամ, ընդ որում, ՕՈՒՆ-ի միայն բացասական ցուցանիշը հասել է 1.2 մլրդ դրամի: Միացյալ Նահանգներից ներդրումները հիմնականում ուղղվել են ՏՏ ոլորտին, ֆինանսական միջնորդությանը, զբոսաշրջությանը և էներգետիկ համալիրին: Իսկ ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը Հայաստանի տնտեսության իրական հատվածում նույն ամսաթվով կազմել է մինուս 16.9 մլրդ դրամ,ընդ որում, միայն ՕՈՒՆ գծով զուտ հոսքը դեպի տնտեսության իրական հատված կազմել է դրական 16,6 մլրդ դրամ (նախորդ տարվա, համապատասխանաբար`81.9 մլրդ դրամի և 30.7 մլրդ դրամի համեմատ): Նշենք, որ արդեն ավելի քան երկու տարի վիճակագրական տվյալներում, մեթոդաբանության վերանայման հետևանքով, ներդրումների վերաբերյալ տվյալներում չի նշվում ներհոսքի և արտահոսքի բացարձակ արժեքը, այլ միայն բերվում է այդ ցուցանիշների սալդոն: