Արմինֆո. Հայաստանում մինչև 1 Մվտ արևի էլեկտրակայանների համար կսահմանվեն սակագներ: Այս մասին նոյեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Ինչպես նշել է Հարությունյանը, երկու շաբաթ առաջ նախարարությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, առաջարկելով սակագներ սահմանել մինչև 1 ՄՎտ արևային կայանների համար: Ըստ փոխնախարարի, սակագինը պետք է հավասար լինի հողմային էլեկտրակայանի սակագնին: Միևնոյն ժամանակ, նախարարությունը որոշել է սահմանափակվել 1 ՄՎՏ-ով: Ըստ փոխնախարարի, ներդրողների համար կստեղծվեն համապատասխամ պայմաններ: Նրանք կարող են դիմել ՀԾԿՀ-ին, սակագին սահմանելու և արևային էլեկտրակայան կառուցելու նպատակով, իսկ պետությունը, ըստ «Էներգետիկայի մասին» օրենքի, պարտավոր է գնել արտադրված էլեկտրաէներգիան 20 տարիների ընթացքում:
Հիշեցնենք, որ հողմային էլեկտրակայանների գործող սակագինը Հայաստանում սահմանված է 42.645 դրամ մեկ կՎտժ/ժամի դիմաց (ներառյալ ԱԱՀ` 51.2 դրամ):
Ավելի վաղ, ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում, Հայկ Հարությունյանը հայտարարել էր, որ կարևոր է, որպեսզի նախագծի իրականացումն ունենա լայն աշխարհագրություն` արտադրությունը և սպառումը հավասարակշռելու, ինչպես նաև ցանցի վրա փոփոխական հոսանքի բացասական ազդեցությունը նվազեցնելու համար: Հաջորդ փուլը խոշոր արևային էլեկտրակայանի կառուցումն է: Այդ գործընթանցն սկսվել է 2014 թվականին, բայց ակտիվ փուլի մեջ է մտել միայն այսօր: Այլընտրանքային էներգետիկայի զարգացման կլիմայական ներդրումային հիմնադրամը Հայաստանին տրամադրել է 28 մլն.դոլար, որից 2 մլն.դոլարը կլինի դրամաշնորհի, իսկ 26 մլն.դոլարը` վարկի տեսքով: Վարկի պայմանները շատ ձեռնտու են – տարեկան 0.25%, 40 տարի մարման ժամկետով և առաջին 20 տարիների համար արտոնյալ ժամանակահատվածով: Դրամաշնորհային միջոցներով կկատարվեն տեղի հետազոտման աշխատանքները, ինչպես նաև նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորման մշակումը, որը նախատեսվում է 100-120 մեգավատ հզորությամբ կայանի համար: Դաշտ է պատրաստվում ներդրողների համար`շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից, ինչպես նաև պատրաստվում են օրենսդրական և նորմատիվային ակտեր: Ներկայումս կան 6 նախագծեր, որոնք կհանվեն մրցույթի: Կհաղթի նա, ով կառաջարկի նվազագույն սակագին: Մրցույթի հաղթողի հետ կստորագրվի ենթավարկային պայմանագիր: Մրցույթի հաղթողը պետք է սպասարկի վարկը: Մրցույթը կհայտարարվի հաջորդ տարվա սկզբին: