Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասինե և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասինե համաձայնագրերի կնքման առաջարկություններին:
Համաձայնագրերը նպատակաուղղված են օդային հաղորդակցությունների ոլորտում գործընկեր պետությունների հետ հարաբերությունների լիարժեք, պատշաճ իրականացման կարգավորմանը, «բաց երկնքիե քաղաքականության սկզբունքների ներդրմամբ ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանից հետաքրքրվել է՝ հաջորդ տարվա համար նախանշվա՞ծ են արդյոք, թե քանի նոր ուղղություններ կապահովվի «բաց երկնքիե քաղաքականությունից օգտվելով: Նշելով, որ այս պահին թվերով չի կարող ասել, թե քանի ուղղություն կբացվի՝ Սերգեյ Ավետիսյանը վստահեցրել է, որ կարվի հնարավորը նոր ուղղություններ բացելու և ուղևորահոսքի աճ ապահովելու համար:
Վարչապետը հանձնարարել է պատասխանատու մարմինների ղեկավարներին հետևողական լինել և մինչև տարեվերջ ուրվագծել անելիքները:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունն ընդունեց Հայաստանում ավիափոխադրումների ոլորտի ազատականացման մասին որոշում և հաստատեց «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը», որը հիմնված էր Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ), McKinsey & Company ընկերության միջև կատարված համատեղ հետազոտության վրա: Ծրագրի համաձայն, «Բաց երկնքի» քաղաքականությունը դրական ազդեցություն կգործի աշխատատեղերի ստեղծման, ուղևորափոխադրումների ծավալի աճի և ավիափոխադրման սակագների նվազման առումով: Ենթադրվում է, որ ցամաքային հաղորդակցությունների սահմանափակումների պայմաններում ավիափոխադրումների միջոցով արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հեշտացումը լրացուցիչ խթաններ է ստեղծում Հայաստանի տնտեսական աճի համար: Մասնավորապես, «Բաց երկնքի» քաղաքականության և ծրագրի արդյունավետ իրագործման արդյունքում առկա իրավիճակի համեմատ ակնկալվում էր հաջորդ 3-4 տարում ՀՆԱ 0,3-0,4 մլրդ դոլարի աճ, 18,000-23,000 նոր աշխատատեղերի ստեղծում, հիմնականում, օդային հաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներում, ուղևորափոխադրումների ծավալի 20-25% աճ, ինչպես նաև տոմսերի գների, միջին հաշվով, 10% նվազում:
Մինչդեռ, ինչպես հայտարարել են շատ փորձագետներ, հենց «Բաց երկնքի» քաղաքականությունը Հայաստանի ավիացիոն շուկայից հայկական ավիաընկերությունների հեռացման պատճառ դարձավ: