Հինգշաբթի, 24 Նոյեմբերի 2016 19:42
Նաիրա Բադալյան

«Վիմպելկոմ գրուպ»-ը պատրաստվում է խոշոր ներդրումային նախագծեր իրականացնել Հայաստանում

«Վիմպելկոմ գրուպ»-ը պատրաստվում է խոշոր ներդրումային նախագծեր իրականացնել Հայաստանում

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Վիմպելկոմ գրուպ»-ի գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիի գլխավորած պատվիրակությանը: 

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, կարևորելով տեղակատվական և հեռահաղորդակցության ոլորտի շարունակական առաջընթացը մեր երկրում՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստում է այս բնագավառի հետագա զարգացման նոր փաթեթ: Միաժամանակ, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ գործադիրը պատրաստ է «Վիմպելկոմ գրուպ»-ի հետ քննարկել տարբեր նախաձեռնություններ և առաջարկություններ՝ ուղղված Հայաստանում ընկերության ծրագրերի ընդլայնմանը:

 

Ժան Իվ Շարլին նշել է, որ իր գլխավորած ընկերությունը մեր երկրում ունի գործունեության երկարաժամկետ տեսլական և նախապատրաստում է ներդրումային մեծածավալ ծրագրեր: Պարոն Շարլիի խոսքով՝ դրանք ուղղված են լինելու ֆիքսված և շարժական կապի ծառայությունների բարելավմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը:

 

Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և կոչ արել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ներկայացնել ոլորտի զարգացմանն ուղղված առաջարկություններն ու ակնկալիքները կառավարությունից:

 

Նշենք, որ «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 782 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2013թ. մարտի 31-ի դրությամբ  ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 215 միլիոն: «ՎիմպելԿոմ»-ի բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP նշումով: