Արմինֆո. ՎիմպելԿոմը մտադիր է Հայաստանում դառնալ առաջատար թվային օպերատորը: Այս մասին նոյեմբերի 25-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՎիմպելԿոմի Գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շառլիեն:
«Մենք գտնվում ենք հետաքրքիր վերափոխումների ճանապարհին, այսպես ասած`հեռահաղորդակցական ինդուստրիայի խաչմերուկում, ինչը Beeline-ին թույլ է տալիս դառնալ Հայաստանի առաջատար թվային օպերատորը: Հայաստան կատարած իմ այցի ընթացքում մտադիր եմ հիմնադիր աշխատանքներ կատարել ընկերության ղեկավարության հետ, մեր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար»,-նշել է նա:
Նրա խոսքով, Beeline-ը կշարունակի ավանդական ծառայությունների մատակարարումը, միաժամանակ ներդնելով նաև նոր ծառայություններ, մասնավորապես, հեռուստատեսության և մեսսեջինգի ծառայությունները Հայաստանում: Նա նաև ընդգծել է, որ ՎիմպելԿոմը մտադիր չէ ընդլայնել իր ներկայությունը նոր շուկաներում, այլ կողմնորոշվում է դեպի ծառայությունների արդիականացումն ու ավելացումը, այն երկրներում, որտեղ արդեն կան ընկերության ներկայացուցչություններ:
«Այս տարի, ընկերության շահույթի 17%-ն ուղղեցինք նոր ծառայությունների ներդրմանն ու արդիականացմանը: Ես պատրաստ եմ արագացնել ընկերության բիզնեսի զարգացումը Հայաստանում և նպաստել նորարարական ծառայությունների ստեղծման Beeline-ի բաժանորդների համար», - հայտարարել է նա, նշելով, որ վերջին տարիներին ՎիմպելԿոմին հաջողվում է աշխատոլ շահույթով և բալասնը պահել դրական դինամիկայում:
Նշելով, որ Beeline-ը հանդիսանում է Հայաստանի ֆիքսված հեռահաղորդակցության առաջատար օպերատորը և բջջային շուկայի խոշոր խաղացողներից մեկը, Ժան-Իվ Շառլիեն Հայաստանն անվանում է ընկերության ռազմավարական զարգացման երկրներից մեկը: Վիմպելկոմի ղեկավարը հայտարարել է նաև, որ նախօրեին տեղի ունեցավ ընկերության ղեկավարության հանդիպումը վարչապետի Կարեն Կարապետյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկեցին ենթակառուցվածքների արդիականացման ուղիները Հայաստանում:
Նշենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: