Արմինֆո. Հայաստանը շահագրգռված է «Ռոսատոմի» մասնակցությամբ հողմակայանների կառուցման հարցում: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, հայկական կողմը ռուսական ընկերությանն է ներկայացրել փաստաթղթերի համապատասխան փաթեթը, և «Ռոսատոմի» շահագրգռվածության դեպքում պատրաստ է համագործակցության:
Փոխնախարարի խոսքով, Հայաստանը տեղեկացված է քամու էներգիայով աշխատող հողմաղացների ցանց զարգացնելու «Ռոսատոմ» ռուսական կորպորացիայի մտադրությունների մասին: «Մենք ռուսական ընկերությանն ենք ներկայացրել Հայաստանում հողմային էներգետիկայի զարգացման համար ստեղծված բոլոր պայմանները՝ ինչպես սակագների, այնպես էլ ոլորտի օրենսդրական խթանման մասով: Հայաստանում ներդրումներ կատարելու ռուսական կողմի շահագրգռվածութան դեպքում մենք պատրաստ ենք վերականգնվող էներգետիկայի ոլորտում նախագծերի իրականացմանը»,- հայտարարել է Հարությունյանը:
Փոխնախարարը նշել է, որ մինչև 2020 թվականը Հայաստանում նախատեսվում է կառուցել մինչև 200 մեգավատտ ընդհանուր հզորությամբ հողմային էլեկտրակայաններ: Անհրաժեշտ ներդրումերը կկազմեն շուրջ $200-300 մլն: Հողմային էներգետիկայի ոլորտում կան հավանական ներդրողների հետ հստակ ծրագրեր, որոնք չափումներ են իրականացնում հողմային ռեսուրսների տեսակետից հեռանկարային տարբեր տարածաշրջաններում: Նախարարությունը հնարավորինս աջակցում է նրանց, որպեսզի ներդրողները մոտ ժամանակներս ձեռնամուխ լինեն հողմակայանների կառուցմանը: «Կան ներդրողներ Ռուսաստանից, Իրանից, Իտալիայից, Իսպանիայից, Չինաստանից և Վրաստանից. մեր հողմային ռեսուրսները կբավականացնեն բոլորին»,- հայտարարել է Հարությունյանը:
Հայաստանի բարձրլեռնային տարածաշրջանները, մասնավորապես՝ Քարախաչի և Պուշկինի լեռնանցքերը, Սոթքը, Սիսիանի շրջանը, Ջաջուռի լեռնանցքը, Սիմյոնովկա լեռնանցքը, ինչպես պարզաբանել է փոխնախարարը, հողմային լավ ներուժ ունեն: «Հաշվի առնելով կլիմայական պայմաները և մեկ կիլովատտ էներգիայի ստացման համար ծախսերի էական կրճատումը՝ ոլորտում ներդրումները խոստանում են տնտեսապես շահավետ լինել»,- նշել է փոխնախարարը: Նրա խոսքով, անցած տարի ոլորտով հետաքրքրվել են լեհ ներդրողները, ովքեր շարունակում են հողմային ռեսուրսների չափումներ իրականացնել Սիսիանի լեռնային շրջաններում:
Նման չափումներ, ինչպես պարզաբանել է փոխնախարարը, անցկացվում են Հայաստանի տարբեր տարածաշրջաններում: «Վերջին ժամանակներս մենք բանակցություններ ենք անցկացել է իրանական «MAPNA» ընկերության հետ: Ցանկանում ենք իրանցի գործընկերներին ներկայացնել 50 ՄՎտ հզորությամբ հողմակայանի կառուցում»,- նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ հետաքրքրություն է ցուցաբերվում մի շարք այլ երկրներից, ժամանում են Հայաստան, չափումներ անցկացնում, քննարկում հողերի վարձակալության հարցերը: