Արմինֆո. Financial Times թերթը, հետևելով նոյեմբերի 25-ին հոլանդական NRC Handelsblad պարբերականի տպագրած նյութին, այսօր հրապարակել է մի հոդված, որի համաձայն «Ռոսնեֆտ» ռուսաստանյան պետական կորպորացիան բացահայտվում է Հայաստանում և Նիդերլանդներում «Յուկոս»-ի գործով դատարավարության ընթացքում կատարած մանիպուլյացիաներում:
Ըստ պարբերականի, Հայաստանի դատարանի որոշման ետևում կանգնած է Ռոսնեֆտը, որը 2010 թվականի հոկտեմբերին ճանաչել է, որ ռուսական կազմակերպությունը հանդիսանում է «Յուկոսի» հայկական դստեր սեփականատերը: Այդ որոշման հիման վրա հոլանդական դատարանը նույնպես 2011 թվականի մայիսին ընդունել է նման որոշում: Առաջին անգամ այդ մասին գրել է հոլանդական պարբերականը, որի տրամադրության տակ են հայտնվել ռուսական նավթային ընկերության նամակագրությունը և փաստաթղթերը:
Ինչպես նշում է պարբերականը, մանիպուլյացիաների ընթացքում «Ռոսնեֆտին» օգնել են` ամերիկյան Baker Botts իրավաբանական ընկերությունը, ռուսական և հայկական պաշտոնյանները, հայտնի հայ փաստաբանը, ինչպես նաև ФСБ-ի նախկին աշխատակիցը:
Ինչպես գրում է պարբերականը, դատարանի վրա «Ռոսնեֆտի» ճնշումների մասին «Յուկոսի» իրավաբանները ներկայացրել են 2014 թվականի լսումներում, իսկ մեկ տարի անց այդ վկայությունները որպես ապացույցներ են ճանաչվել Ամստերդամի դատարանում: Դրանից հետո «Ռոսնեֆտը» ետ է կանչել «Յուկոսի» հայկական բաժանմունքին ուղղված իր հայցը, իսկ վերջինիս 337 մլն.դոլարի ակտիվները բաշխվել են «Յուկոսի» նախկին բաժնետերերի միջև:
«Ռոսնեֆտում» NRC Handelsblad-ին հայտարարել էն, որ Հայաստանի դատարանի որոշումները եղել են հիմնավորված և ընդունվել են օրենսդրությանը համապատասխան: Baker Botts-ում հերքել են ենթադրությունները, որ ընկերությունը ինչ-որ կերպ ազդել է հայկական արդարադատության վրա, հրաժարվելով հետագա մեկնաբանություններից և հղում կատարելով գաղտնիության վրա: Հայ փաստաբանը նույնպես հերքել է մանիպուլյացիայի գծով մեղադրանքները:
Պարբերականը հիշեցնում է, որ «Յուկոսի» նախկին բաժնետերերը դատավարության մեջ են Ռուսաստանի հետ, քանի որ գտնում են, որ ընկերությունն առգրավվել է անօրինական ճանապարհով: 2007 թվականին «Յուկոսը» ճանաչվեց սնանկ և լուծարվեց, իսկ ընկերության հիմնական ակտիվների սեփականատերը դարձավ «Ռոսնեֆտը»: 2014 թվականի հուլիսին Հաագայի դատարանը Ռուսաստանին պարտավորեցրեց 50 մլրդ դոլար վճարել «Յուկոսի» նախկին համասեփականատերերին, 9 տարվա դատավարությունից հետո ճանաչելով, որ ընկերությունն առգրավվել է: 2016 թվականի ապրիլին Հաագայի շրջանային դատարանը որոշեց, որ Հաագայի Վճռաբեկ դատարանը բավարար լիազորություններ չուներ «Յուկոսի» գործում և չեղարկեց գումարի գանձման մասին որոշումը: