Արմինֆո. Նոյեմբերի 29-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է «Տավուշ տեքստիլ» ընկերության սեփականատեր Սուրեն Երիցյանի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրության խնդիրները և հեռանկարները:
Սուրեն Երիցյանը նշել է, որ պատրաստ է ձեռնամուխ լինել նոր ծրագրերի իրականացմանը, ընդայնելու արտադրությունը, բացելու նոր արտադրամասեր: «Տավուշ տեքստիլի» սեփականատեր Սուրեն Երիցյանը շեշտել է, որ շահութահարկից ազատումը հեշտացրել է ոլորտի աշխատանքը թ´ե ֆինանսական, թ´ե բյուրոկրատական առումով:
Նախարար Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է, որ պատրաստ է անել առավելագույնը` աջակցելու տավուշցի գործարարներին իր լիազորությունների շրջանակներում :
Հանդիպման ընթացքում նախանշվել են հետագա համագործակցության շրջանակները:
«Տավուշ տեքատիլ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2015 թվականին Տավուշի մարզի Չորաթան գյուղում` ռուսաստանաբնակ գործարար Սուրեն Երիցյանի կողմից: Ձեռնարկությունում աշխատում էր 200 մարդ` 100 հազար դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունն արտադրում է գյուղատնտեսական, շինարարական և այլ տեսակի ձեռնոցներ: Արտադրանքի արտահանումը կողմնորոշված է դեպի ռուսական և բելառուսական շուկներ: Նախատեսվում է մինչև հաջորդ տարվա կեսերը ստեղծել ևս 100 աշխատատեղ Արծվաբերդում, իսկ, ընդհանուր առմամբ, ընկերության նախաձեռնած ծրագրերի արդյունքում նախատեսվում է ստեղծել շուրջ 2000 աշխատատեղ մարզում, մասնավորապես, Իջևանում և Նոյեմբերյանում:
Նոյեմբերի 12-ին վարչապետ Կարեն Կարապետյանը Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում հայտարարել էր. «Մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ ստանալ բոլոր համայնքների զարգացման ծրագրերը: Այնուհետև քննարկելու ենք դրանք և առաջնահերթությունը տալու ենք ամենահեռանկարային ծրագրերին, որտեղ համայնքն իր վրա բեռ է վերցնում, բացի ակնկալելուց, որ կառավարության կողմից պետք է լինեն ներդրումներ, աջակցություն, այսինքն՝ մեր հարաբերությունները լինելու են գործընկերային: Մենք հասկանում ենք, որ դուք բազմաթիվ դարդ ու ցավ ունեք, պրոբլեմ ունեք, հասկանում ենք, որ պետք է յուրահատուկ վերաբերմունք ցույց տանք մեր սահմանամերձ համայնքներին, որտեղ առանձնապես տնտեսական ակտիվություն չկա, և այդ ամենը լինելու է խաղի կանոնների շրջանակում, որով պայմանավորվել ենք առաջ շարժվել»: