Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 30-ին ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը` Եվրոպայի և հարավկովկասյան երկրների տնօրեն Ֆրանսիս Մալիժի գլխավորությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նախարարը, ողջունելով հյուրերին, գոհունակություն հայտնեց ճանապարհաշինական ոլորտում բանկի հետ արդյունավետ համագործակցության համար: Նա հույս հայտնեց, որ այդ գործակցությունը կլինի շարունակական, որտեղ կընդգրկվեն նաև տրանսպորտի ու ՏՏ ոլորտները:
Կողմերը անդրադարձան նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության ծրագրին վերաբերող մանրամասների: Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախագծման և շինարարության իրականացման մրցույթն արդեն հայտարարված է, ներկայում հայտատուների գնահատման փուլն է: Շինարարական աշխատանքների պայմանագիրը նախատեսվում է կնքել 2017 թ. առաջին եռամսյակում:
Քննարկվեցին նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շուրջ համագործակցության հնարավորությունները: Նախարարը հույս հայտնեց, որ միջքաղաքային տրանսպորտային ցանցի բարելավման ու զարգացման ծրագրում ևս ՎԶԵԲ-ն իր ներդրումը կունենա:
Կողմերը քննարկեցին նաև հետագա անելիքները ՏՏ ոլորտում հնարավոր գործակցության շուրջ: Նախարարը կարևորեց ՎԶԵԲ-ի միջնորդությամբ ՏՀՏ մասնավոր ընկերությունների և միջազգային դոնոր կազմակերպությունների միջև կապեր ստեղծելու անհրաժեշտությունը:
Նշենք, որ Հայաստանը և ՎԶԵԲ-ը 2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրել են Հայաստանի և Վրաստանի միջև նոր կամուրջի շինարարության մասին համաձայնագիրը, որի շրջանակներում Հայաստանին կտրամադրվի 10.3 մլն.եվրո վարկ: Հյուսիսային միջանցքի նորացման ծրագիրը ներառում է եղած ենթակառուցվածքների արդիականացում, ինչպես նաև նոր ենթակառուցվածքների շինարարություն`սահմանային երեք կետերում (Բավրա, Բագրատաշեն և Գոգավան): Նախնական գնահատականերով նախագիծը հայկական կողմի վրա կնստի 4 մլն.եվրո: Վարկը կտրամադրվի 15 տարով, առաջին 3 տարիների համար արտոնյալ ժամկետով, յուրաքանչյուր տրանշի համար լողացող տոկոսադրույքով: Ծրագրի իրականացման արդյունքում նշված անցակետերով մարդկանց անցումը 15 րոպեից կկրճատվի մինչև 5 րոպե, իսկ բեռների անցումը` 75 րոպեից մինչև 25 րոպե: Ավելի վաղ ՀՀ խորհրդարանը վավերացրել էր Եվրոպական ներդրումային բանկի հետ 30.316 մլն.եվրոյի համաձայնագիրը: Ընդհանուր առմամբ, նախագծի իրականացման համար Հայաստանը մտադիր է ներգրավել 56.73 մլն.եվրոյի վարկային միջոցներ, այդ թվում, 12 մլն.եվրո ակնկալվում է Հարևանության քաղաքականության հիմնադրամից, 3.3 մլն. կկազմի ԵՄ դրամաշնորհը, և 0.8 մլն.եվրո` ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) դրամաշնորհը: