Չորեքշաբթի, 30 Նոյեմբերի 2016 18:29

Դատարանը բավարարեց «Նաիրիտ» գործարանտ սնանկ ճանաչելու վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայցը 

Դատարանը բավարարեց «Նաիրիտ» գործարանտ սնանկ ճանաչելու վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայցը 

Արմինֆո. Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Նաիրիտ» գործարանտ սնանկ ճանաչելու վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հայցը:

Դատարանը քննել է գործի բոլոր մանրամասները և գտել, որ հայցը ենթակա է բավարարման, քանի որ այն հիմնված է գրավոր գործարքի վրա և պարտապանը չի ապացուցում, որ հայցի դեմ ունի ողջամիտ հիմնավորում: Բացի այդ, հայցը բնխում է պարտապանի օրենքով սահմանված պարտավորություններից, կապված հարկերի տուգանքների և այլ պարտադիր վճարների իրականացման հետ: Հայցի անվիճելի մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

2015 թվականի ապրիլի 7-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր դատարան, պահանջելով սնանկ ճանաչել «Նաիրիտ» գործարանը, որի պարտքը ՀԷ Ց-ին կազմում է 1.2 մլրդ դրամ:

Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանը լիովին դադարեցրել է աշխատանքը 2014 թվականին: Գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամի (շուրջ 130 մլն դոլար): Մինչև նախորդ դարի 80-ական թվականների վերջը գործարանի արտադրանքն զբաղեցնում էր սինթետիկ կաուչուկի համաշխարհային շուկայի 10-12%-ը: 2006 թվականին «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90%-ը վաճառվել է  բրիտանական Rhainoville Property Limited կոնսորցիումին: Կոնսորցիումին է պատկանում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետոմսերի 89,999%-ը, 4,496%-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, 3,596%-ը` «ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ին, 1,907%-ը` «Երևանի ՏԷՑ» ՓԲԸ-ին: 2006 թվականին գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited-ի հիմնական միջոցները գրավադրվել են Միջպետական բանկի 70 մլն դոլար վարկի դիմաց և դարձել են բանկի սեփականություն` վարկը չմարելու արդյունքում: 2015 թվականին Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարության պատվերով անցկացրել էր «Նաիրիտ» գործարանի ֆինանսական և տեխնիկական աուդիտ: ՀԲ գնահատականների համաձայն, գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է   թվում, քանի որ պահանջվում է առնվազն 250 մլն դոլար: Սակայն ներդրողներ հայտնվելու դեպքում էլ ՀԲ փորձագետները կասկածում են, որ գործարանի արտադրանքը գնորդ կգտնի և, ընդհանրապես, կլինի մրցունակ:  ՀԲ աուդիտորները հանգել են հետևության, որ ինչպես բութադիենի, այնպես էլ ացետիլենի հիման վրա արտադրական գործընթացի պայմաններում «Նաիրիտի» արտադրանքը կունենա բավականին բարձր ինքնարժեք` նաև հիմնական միջոցների զգալի մասի էական մաշվածության պատճառով: Փորձագետների մեծ մասը կարծում է, որ ՀԲ աուդիտի արդյունքները կարելի է դիտարկել որպես գործարանի սնանկացման գործընթաց սկսելու հանձնարարական, ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ EU-ASIA Business Finance Centre հոլդինգը պատրաստ է մինչև 150 մլն եվրո ներդնել ՙՆաիրիտ՚ գործարանում: Հոլդինգը գրանցվել է Սլովակիայում 2016 թվականին՝ որպես բիզնեսի և կառավարման ոլորտի խորհրդատվական ընկերություն: EU-ASIA Business Finance Centre հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը հավաստիացրել է, որ գործարանը հնարավոր է վերագործարկել է մինչև հաջորդ գարուն: Այդ դեպքում առաջին 1,5 տարում գործարանը կաուչուկ կթողարկի ացետիլենային տեխնոլոգիայով (տարեկան 8-10 հազար տոննա՝ ինչպես եղել է 2000–ական թվականների կեսին), որից հետո կգործարկվի բութադիենային տեխնոլոգիան, որի դեպքում արտադրության ծավալը հնարավոր կլինի հասցնել մինչև 20-25 հազար տոննայի։