Արմինֆո. Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը խոստովանել է, որ ՀՀ թուրքական գյուղատնտեսական արտադրանքի օրինական ներմուծման դեպքում, գերատեսչությունն իրավասու չէ արգելել դրա ներմուծումը: Այդ մասին դեկտեմբերի 1-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է գյուղատնտեսության նախարարը:
Առաքելյանը հայտարարել է, որ եթե Թուրքիայից Հայաստան մթերք է ներմուծվում օրենքով, դրա ներմուծումն արգելել Գյուղատնտեսության նախարարությունը չի կարող, քանի որ ամեն բան պետք է օրենքի շրջանակներում լինի: Իսկ եթե ներմուծումն անօրինական լինի, ինչպես հավաստիացրել է նախարարը, դրանով կզբաղվեն համապատասխան ծառայությունները:
Ավելի վաղ Գյուղատնտեսության նախարարությունը, գերատեսչությունում խորհրդակցության արդյունքների համաձայն, հանդես էր եկել հայտարարությամբ, որում հաղորդվել էր, որ մինչև վերջերս հանրապետությունում իրացվել է նաև Թուրքիայից ներկրված լոլիկ և վարունգ: Հատարարվել է, որ ներկրումները դադարել են, մայրաքաղաքի Մալաթիայի գյուղմթերքների շուկայում ներկրված լոլիկ այլևս չկա, առկա է պահեստավորված լոլիկ և վարունգ, որը պարբերաբար որոշակի քանակներով շուկայահանվում է: Իգնատի Առաքելյանը նշել է, որ խնդրի հիմնովին լուծման համար պետք է ներդրում կատարել այդ գործընթացի մեջ: «Անհրաժեշտ է դիտարկել նաև հարցի տնտեսական կողմը և լուրջ ուշադրություն դարձնել տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման հարցին, որպեսզի ներկրվող գյուղմթերքի նկատմամբ տեղականը չհայտնվի ոչ շահեկան վիճակում: Միգուցե նախընտրելի է դիվերսիֆիկացնել արտադրանքի տեսականին»,- ասել է նախարարը: ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը դիմել է Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահին՝ կոչով հանդես գալ ջերմոցատերերին հորդորելու Ամանորի նախաշեմին գյուղմթերքի նկատմամբ պահանջարկի աճին զուգահեռ խստիվ ուշադրություն դարձնել արտադրվող ջերմոցային արտադրանքի որակին և չչարաշահել թունաքիմիկատները: