Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում ընդունել է «Գնման պայմանագրեր կնքելու թույլտվություն տալու մասին» որոշում, որը մշակվել է ՀՀ Նախագահի մոտ 2016թ. նոյեմբերի 2-ին կայացած խորհրդակցության ընթացքում արված առաջարկությունների հիման վրա:
Որոշմամբ թույլատրվել է Երևանի քաղաքապետին երկկողմանի համաձայնությամբ ամբողջությամբ լուծել Երևանի քաղաքապետարանի և «Փարկինգ Սիթի Սերվիսե և «Լոկատորե ՓԲԸ-ների կոնսորցիումի հետ 2013թ. ապրիլի 4-ին կնքված «Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնմանե համապատասխան պայմանագիրը: ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի քաղաքապետարանը բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու մինչև 10 տարի ժամկետով կկնքի համապատասխան պայմանագրեր: Որոշման ընդունմամբ վերը նշված գործարքների արդյունքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար ներդրված ակտիվները կդառնան համայնքային սեփականություն:
Նոյեմբերի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով: Սարգսյանը հիշեցրել էր, որ
հաշվի առնելով Երևանում և ընդհանրապես հանրապետությունում մեքենաների թվի անշեղորեն աճը և սրա հետ կապված նաև անհարմարությունների ավելացումը, ուսումնասիրելով միջազգային փորձը, որոշում է կայացվել պետություն-մասնավոր համագործակցության միջոցով սկզբից Երևանում, այնուհետև նաև հանրապետության հիմնական մայրուղիներում ներդնել համապատասխան համակարգ, որի նպատակն էր քչացնել մարդկային գործոնի ազդեցությունն այդ պրոցեսների վրա, պետավտոտեսուչներին հնարավորինս զերծ պահել ճնշումներից, քչացնել նրանց կողմից կոռուպցիոն ռիսկերի առկայությունը: «Այդ համակարգերի ներդրումը պայմանավորված չէր ֆինանսական ակնկալիքներով, և տուգանքները ոչ թե վարորդներից փող կորզելու միջոց են, այլ դրանք կանխարգելիչ բնույթ ունեն: ժամանակն է, որպեսզի ողջ ֆինանսական հոսքերը կառավարվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողմից»,- նշել էր նա:
Այս առնչությամբ հանրապետության նախագահը հանձնարարել էր ՀՀ ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ «Սեքյուրիթի դրիմե ՍՊԸ և «Փարկինգ Սիթի Սերվիսե ու «Լոկատորե ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին:
Արդեն նոյեմբերի 3-ին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր
ՀՀ ոստիկանության պետին, ըստ անհրաժեշտության ներգրավելով նաև ՀՀ ֆինանսների և ՀՀ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներին, բանակցել «Սեքյուրիթի դրիմե ՍՊԸ-ի հետ և մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված վերոնշյալ ընկերության գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցնեն պետական կառույցներին: Նա նաև հանձնարարել էր ՀՀ ֆինանսների նախարարին և ՀՀ արդարադատության նախարարին՝ աջակցել Երևանի քաղաքապետին «Փարկինգ Սիթի Սերվիսե ու «Լոկատորե ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցություններին՝ մեկշաբաթյա ժամկետում ներկայացնելով իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցնեն համայնքային կառույցներին: