Արմինֆո. Անելիք Բանկը հայտարարում է «Ձմեռային» ակցիա՝ 2016 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2017 թվականի փետրվարի 28-ը ներառյալ Բանկի վարկառուները ոսկու գրավադրմամբ վարկեր ստանալուն զուգահեռ հնարավորություն կստանան շահել խաղարկվող 10 ոսկու ձուլակտորներից մեկը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ակցիայի շրջանակներում ոսկու գրավադրմամբ վարկերը տրամադրվելու են 18% անվանական տոկոսադրույքով, ՀՀ դրամով և մինչև 12 ամիս մարման ժամկետով:
«Սա հերթական հաճելի անակնկալն է Անելիք Բանկի կողմից, երբ մեր հաճախորդն օգտվելով բանկային պրոդորկտից` միաժամանակ հնարավորություն է ստանում արժանանալ թանկարժեք նվերի: Ասեմ, որ խաղարկվելու են 3 հատ 10 գր. կշռով և 7 հատ 5 գր կշռով ոսկու ձուլակտորներ: Ակցիայի ավարտին 3 աշխատանքային օրվա ընթացում մասնակիցների ցանկը (ոսկու գրավադրմամբ վարկային պայմանագրերի համարները) կտեղադրվի Բանկի պաշտոնական կայքէջում, իսկ խաղարկությունը կհեռարձակվի Բանկի youtube-յան և facebook-յան էջերով, որտեղ վարկառուները կկարողանան ուղիղ եթերով տեղեկանալ արդյունքների մասին,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը` ավելացնելով, որ, խաղարկության անցկացման օրվա և ժամի մասին կտեղեկացվի ակցիայի ավարտից հետո Բանկի պաշտոնական կայքէջի միջոցով»:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2016 թվականի հոկտեմբերի 1-ին մանրածախ վարկավորման գծով Անելիք Բանկը գտնվում է առաջատարների տասնյակում, այդ ուղղությամբ կենտրոնացնելով 28,5 մլրդ դրամ կամ վարկային պորտֆելի մոտ 30% -ը: Բանկն արագորեն ընդլայնում է մանրածախ վարկավորման իր տեսականին, 2013 թվականին ներդնելով «Պարզ Արագ» փաթեթը, որի շրջանակներում արդեն հասցրել է գործարկել սպառողական վարկավորման մի շարք գրավիչ և մատչելի տեսակներ, պարբերաբար վերանայելով վարկավորման պայմանները դեպի ավելի մատչելիության և մեխանիզմների պարզեցման կողմը: «Պարզ Արագ» վարկային փաթեթը մեկնարկել է 2013 թվականի վերջին և 2015 թվականին Անելիք Բանկի մանրածախ վարկավորման զինանոցում արդեն կային մի շարք ներդրված և հաջողությամբ աշխատող մանրածախ վարկային պրոդուկտներ: Դրանք են` «Հարսանեկան», «Տոնական», «Արագ +», «Պարզ-Արագ», «Պարզապես-Արագ հիփոթեքային» (քարտային), «Պարզ-Արագ Էքստրա», «Պարզ-Արագ Առաջընթաց», «Տուրիստական» (զբոսաշրջային փաթեթ ձեռք բերելու համար), «Պարզ-Արագ» ՓՄՁ բիզնես-վարկերի համար պրոդուկտները, որոնց մի մասը քարտային վարկեր են: Բացի այդ, 2015 թվականին այդ փաթեթի շրջանակներում բանկը ներդրեց «Պարզ-Արագ Ունիվերսալ» քարտային վարկերը և ռեվոլվերային վարկային գիծը:
Նշենք, որ Անելիք Բանկի բաժնետերերն են`կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը – 59.68% և լիբանանյան Credit Bank S.A.L.-ը – 40.32%: