Արմինֆո. Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո գազի սակագները չեն փոփոխվի: Այս մասին դեկտեմբերի 7-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով Տիգրան Ուրիխանյանի հարցին:
Նրա խոսքով, որևէ օբյեկտ նույնպես պարտքի դիմաց չի տրվի: Վարչապետն ընդգծել է, որ ներկայումս, ինչպես և նախկին տարիներին, ռուսական գազի սակագինը Հայաստանի համար եղել և մնում է ամենացածրը տարածաշրջանում: Ինչ վերաբերվում է ՀՀ կառավարության բաժնետոմսերի 20%-ը Գազպրոմին վաճառելուն, ապա, ըստ վարչապետի, այդ գործարքը ձեռնտու էր Հայաստանին, քանի որ ցանկացած պարագայում ոչ Հայաստանը, ոչ էլ Գազպրոմը, չէին կարող ստանալ դիվիդենտներ: Այնուամենայնիվ, վարչապետը նշել է, որ 20% բաժնետոմսերի վաճառքի մասին որոշումն ընդունվել է այն ժամանակ, երբ ինքը հանդիսացել է ռուսաստանյան մոնոպոլիստի երեք կառույցների ղեկավարներից մեկը, որոնք ոչ մի կերպ կապված չեն Հայաստանի հետ:
Նշենք, որ ռուսական գազի գինը Հայաստանում 2017 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը սահմանի վրա կլինի 150 դոլար 1 հազար խորանարդ մետրի դիմաց: Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև համապատասխան արձանագրություն ՀՀ կառավարության նիստի հավանությանն է արժանացել 2013 թվականի դեկտեմբերի 1-ի նիստում: Մինչև ապրիլը Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառել է 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց սակագնով: 2016 թվականի ապրիլի 7-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց իջեցնել գազի սակագները մինչև 150 դոլար և ստորագրվեցին համապատասխան փաստաթղթեր:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 25-ի կայացած նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիաե ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը: Հանձնաժողովը որոշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները. 1) ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ տարեկան. ա. մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն), բ. 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն), 2) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը`ա. նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն), բ. ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառման դեպքում՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառման դեպքում՝ 242.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն), 3) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը` 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն), 4) ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին, բացառությամբ վերը նշված 1-3-րդ կետերով նախատեսված սպառողների, վաճառվող բնական գազի սակագինը՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն), 5) ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին, բացառությամբ վերը նշված 1-3-րդ կետերով նախատեսված սպառողների, վաճառվող բնական գազի սակագինը 242.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն):
Իսկ ավելի վաղ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է առավելագույնս նվազեցնել գազի սակագների ազդեցությունը բնակչության սոցիալապես անապահով խավերի վրա, ինչպես նաև ապահովել սակագների խթանող ազդեցությունը բիզնեսի զարգացման վրա, հատկապես գյուղատնտեսությունում և վերամշակման ոլորտում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը:Գազափոխադրման համակարգում Ընկերության կողմից սպասարկվող մայրուղային գազատարերի և գազատար-ճյուղավորումների ընդհանուր երկարությունը կազմում է 1685 կմ: