Արմինֆո. Դրական սոցիալական արդյունքի հասնելու համար Հայաստանը պետք է ամեն տարի արձանագրի 5% և ավելի տնտեսական աճ: Դեկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը:
Ըստ փորձագետի, Հայաստանի տնտեսության վերջին ամիսների անկման միտումները լավատեսություն չեն ներշնչում քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման առումով: «Աղքատության մակարդակը Հայաստանում, ըստ վերջին տվյալների, գործնականում մնացել է նույն ցուցանիշում, 2015 թվականին կրճատվելով ընդամենը 0.2%»,-հիշեցրել է Գյուլումյանը: Սակայն, ըստ փորձագետի, աղքատոթյան կրճատման և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ լուրջ ձեռքբերումներ արձանագրելու համար Հայաստանը պետք է ամեն տարի արձանագրի 5% և ավելի տնտեսական աճ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, աղքատության մակարդակը Հայաստանում 2015 թվականին կազմել է 29,8%, ինչը 0.2% -ով պակաս է 2014 թ. ցուցանիշից: Հայստանում աղքատների ընդհանուր թիվը կազմել է 900 հազար մարդ (բնակչության 19.4%-ը), այդ թվում` 310 հազարը շատ աղքատ է (8,4%), իսկ ծայրահեղ աղքատների թիվը կազմում է 60 հազար մարդ (բնակչության 2% -ը):
Ըստ Համաշխարհային բանկի նորացված կանխատեսման, որն ընդգրկված է ՀՀ Կենտրոնական բանկի 2016 թվականի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, 2016 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում կկազմի 18.1% (նախկին կանխատեսումը`17.8%): Հետագայում, 2017-ին աղքատության մակարդակը, ըստ ԿԲ կանխատեսման, կաճի մինչև 18.3%, մինչդեռ նախորդ կանխատեսումներում 2017-2018 թվականներին ԿԲ ակնկալում էր այս ցուցանիշի ամենամյա`0.4 տոկոսային կետով անկում: Սակայն, ըստ ՀԲ ավելի վաղ կանխատեսման, աղքատության մակարդակը Հայաստանում պետք է աստիճանաբար իջնի` 2015 թվականի 25.6%-ից մինչև 24.9% 2016-ին, 2017-2018 թվականներին հասնելով 24.1-23.2%: