Արմինֆո. Համաշխարհային բանկն առայժմ չի վարկավորի Հայաստանին և կզբաղվի համագործակցության նոր ռազմավարական պլանի մշակմամբ: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՀԲ երևանյան գրասենյակի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը, հրապարակելով ՀԲ Տնօրենների խորհրդի կողմից նախօրեին հաստատված հերթական, վերջին`50 մլն.դոլարի տրանշը, Զարգացման քաղաքականության ֆինանսավորման 4-րդ վարկային ծրագրի (ԶՔՖ-4) շրջանակներում:
Նա նշել է, որ Հայաստանի համար նոր ռազմավարական ծրագրի նախագիծը, որտեղ պետք է ճշգրտվեն զանազան վարկային գործիքների կիրառման նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը, լավագույն դեպքում պատրաստ կլինի 2017 թվականի մայիսին, հույս ունենալով, որ այն կհաստատվի հունիսին: Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, որ, փաաստորեն, ՀԲ-ն մոտ մեկ տարի Հայաստանին վարկեր չի տրամադրելու, Գյուլումյանը նշել է, որ նոր վարկերի տրամադրման ժամակացույց առայժմ չկա, խորհուրդ տալով այդ առիթով չանհանգստանալ, քանի որ երկրին բյուջետային վարկեր է տրամադրում ոչ միայն ՀԲ-ն, այլ նաև ՎԶԵԲ-ը, Ասիական զարգացման բանկը և մյուս միջազգային դոնորները: «Մենք հույս ունենք, որ Հայաստանում ֆորս-մաժորային իրավիճակներ չեն լինի, երկիրը լուրջ շեղումներ չի արձանագրի մակրոտնտեսական սցենարից, և ՀԲ արտակարգ օգնության կարիքը չի լինի»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ, փորձագետը բավարար է գնահատել Հայաստանում իրականացվող վարկային ծրագրերի արդյունքները. «բանկի վարկային միջոցներով Հայաստանում բոլոր վարկային ծարգրերն իրականացվել են բավարար մակարդակով»: «Բոլոր օրենսդրական փոփոխությունները և միջոցառումները, որոնք նախատեսված էին, այդ թվում նաև երկրի Հարկային օրենսգրքի ընդունումը, պետք է Հայաստանի համար ապահովեն ավելի բարձր եկամուտներ»,-հայտարարել է նա: Սակայն, հատկապես նոր Հարկային օրենսգիրքը դարձավ բուռն քննարկումների և գործարար հանրության դժգոհության առարկա, որն այդ փաստաթուղթը համարեց ռեգրեսիվ, որը ոչ մի կերպ չի նպաստում տնտեսության զարգացման նպատակներին: Օրենսգրքի ընդունումը ՀՀ կառավարության համար նախապայման էր` ԱՄՀ հերթական կայունացնող տրանշի տրամադրման համար:
Ընդհանուր առմամբ, Հայաստանին, 1992 թ-ից հանդիսանալով Համաշխարհային բանկի անդամ, իսկ 1993-ից - Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) անդամ, տրամադրվել է $ 2.3 մլրդ: Այս ֆոնին ավելորդ չէ յիշեցնել, որ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը տարեվերջին կաճի մինչև ՀՆԱ-ի 54.6%: Իսկ 2017 թվականին, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կանխատեսումների, այս ցուցանիշը կհասնի 56,1%-ի: Հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է $ 5.6 մլրդ կամ 2.665 մլրդ դրամ: Հայաստանի կառավարության հիմնական վարկատուն է Միջազգային զարգացման ասոցիացիա (ՄԶԱ), որի մասնաբաժինը կազմում է պարտքի 38,8% -ը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը` 15,8% մասնաբաժնով, որը հանդիսանում է Համաշխարհային բանկի խմբի անդամ:
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալների հիման վրա վերանայել է Հայաստանի 2016 թվականի տնտեսական աճի կանխատեսումը, իջեցնելով մինչև «զրո»: Իսկ ավելի վաղ, հունվարին, ՀԲ կանխատեսել էր`2.2% աճ, մարտին` 2.5% աճ: Հունիսի 17-ին ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին հայտարարել էր, որ Բանկը Հայաստանի տնտեսության աճն ընթացիկ տարում կանխատեսում է 1.9%: Իսկ ՀԲ վերջին պաշտոնական փաստաթղթում Հայաստանի ՀՆԱ կանխատեսումը պահպանվել էր 3.1% մակարդակում: