Արմինֆո. Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագիրը լիարժեք ապահովագրված է միջազգային բոլոր չափանիշներով, հայտարարել է Lydian Armenia ընկերության գործադիր տնօրեն Հայ Ալոյանը, «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման նպատակով ՀՀ Բնապահպանության նախարարության և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև այսօր փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողոթյան ընթացքում։
Ըստ Ալոյանի, ցանկացած ընկերություն, որն իրականացնում է սոցիալական պատասխանատվություն պարունկող գործունեություն, անկախ ոլորտից, պարտավոր է ապահովագրել բոլոր ռիսկերը և երաշխավորել երրորդ անձանց պատճառված վնասների փոխհատուցումը: «Իսկ դա նշանակում է, որ բավարար ապացույցների առկայության դեպքում, երբ ընկերությունն իր գործունեության ընթացքում վնաս է պատճառած լինում երրորդ կողմին, ընկերությունը պարտավորվում է փոխհատուցել վնասները»,-պարզաբանել է նա:
Ինչպես նշել է Լիդիանի ղեկավարը, ընկերությունն իր պատասխանատվությունն ապահովագրել է Jardine Lloyd Tomson (JLD) ընկերությունում, որով նախատեսվում է երրորդ անձանց պատճառած վնասների հատուցում: Հաշվարկվել են ընկերության գործունեության հետ կապված բոլոր ռիսկերը, ապահովագրական ծածկույթը կազմում է մի քանի տասնյակ միլիոն դոլար:
Նշենք, որ բրիտանական Lydian International Ltd ընկերությունն այսօր Հայաստանում իրականացնում է արդյունաբերական ամենախոշոր՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը՝ 370 մլն դոլար ընդհանուր արժեքով: Ընթացիկ տարվա օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Մեկ ունցիայի ծախսը միջին հաշվով կազմում են 585 դոլար, իսկ ոսկու կորզման ընդհանուր ցուցանիշը – 87%: Ամուլսարի 370 մլն.դոլար արժեքով ծրագրի շրջանակներում կատարվող շինարարության ընթացքում կստեղծվի 1300 աշխատատեղ (շինարարական աշխատանքները կընթանան մոտ 2 տարի), իսկ հանքավայրի շահագործման ամբողջ ընթացքում կստեղծվի 650-700 աշխատատեղ: