Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը Վայոց ձորի մարզ աշխատանքային այցի շրջտանակում ներկա է գտնվել «Ջերմուկ գրուպ» ընկերության նորակառույց գործարանի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահը շրջել է գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին, գործարանի արտադրական հզորություններին և «Ջերմուկ գրուպ»-ի զարգացման ծրագրերին: Գործարանի կառուցման նպատակով կատարվել է մոտ 5 մլրդ դրամի ներդրում, որից միայն 3,4 մլրդ դրամն ուղղվել է ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը: «Ջերմուկ գրուպ» ընկերությունը ներկայումս ունի 370 աշխատակից: Պատասխանատուների հավաստմամբ, նոր գործարանի շահագործմամբ աշխատատեղերի քանակը կավելանա շուրջ 15%-ով:
«Ջերմուկ գրուպ» ընկերությունը հանդիսանում է հանքային և բնական աղբյուրի ջուր արտադրող խոշորագույն ընկերությունը Հայաստանում: «Ջերմուկ գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 1999 թ. Ջերմուկ քաղաքում` Աշոտ Արսենյանի կողմից: «Ջերմուկ գրուպը» միակ ընկերությունն է, որն ունի Եվրամիության վկայական: Վերջինս հնարավորություն է տալիս արտահանել արտադրանքը Եվրամիության շատ երկրներ: Այսօր «Ջերմուկ գրուպի» «Ջերմուկ» և «Բյուրեղ» հանքային ու բնական աղբյուրի ջրերը արտահանվում են Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Ղազախստան, ԵՄ երկրների, ԱՄՆ, Իսրայել եւ այլ երկրներ: Ընկերությունը Ռուսաստանի պետական հաստատություններին մատակարարող «Կրեմլյովսկի» առևտրի տան հանքային ջրի պաշտոնական մատակարարն է: