Արմինֆո. Կառավարությունը մտադիր է խորհրդարան ներկայացնել «Գնումների մասին» նոր օրինագիծ, որն զգալի առաջընթաց քայլ կլինի: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` ներկայացնելով «Գնումների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:
Նախարարի ասելով, մերկայացված օրինագիծը նպատակաուղղված է պետական գնումների թափանցիկության մակարդակի բարձրացմանը, հաշվետվության համակարգի բարելավմանը: Այժմ Հայաստանում կիրառվում է պետական գնումների 7 տեսակ: Նոր օրինագծի համաձայն, պետական գնումների տեսակներն առաջարկվում է սահմանափակվել չորսով` էլեկտրոնային հայտամրցույթ, մրցույթ, գնանշում և գնումներ մեկ անձի կողմից: Էլեկտրոնային հայտամրցույթը կտարածվի մինչև 70 մլն դրամ արժեցող ապրանքների վրա: Նախարարի համոզմամբ, օրինագծի կիրառման դեպքում զգալի ֆինանսական միջոցներ կտնտեսվեն:
Նախարարը նաև հաղորդել է, որ Հայաստանում պետական հայտամրցույթների մասնակցող ձեռնարկությունները պետք է բացահայտեն իրենց փոխադարձ կապը պաշտոնատար անձանց հետ: Իսկ եթե ընկերությունը շահում է մրցույթը, սակայն հետո պարզվում է, որ այդ կապերը թաքցվել են, ապա ընկերությանն սպառնում է ներառում «սև ցուցակում», ինչը ենթադրում է 2 տարով զրկում պետական հայտամրցույթների մասնակցությունից: Պաշտոնյաների հետ փոխադարձ կապ կհամարվի, եթե ընկերության սեփականատեր կամ համասեփականատերը պաշտոնյայի մերձավոր ազգական է: Նման ընկերությունները չեն կարող մասնակցել հայտամրցույթի: «Ասենք` ես ֆինանսների նախարար եմ, իսկ տեսականորեն ինձ հետ կապված ընկերությունն ուզումնէ մասնակցել մեկ այլ գերատեսչության, օրինակ, Գյուղնախարաության հայտամրցույթի: Այդ դեպքում բոլորը պետք է իմանան, որ Վարդան Արամյանի ընկերությունը և բոլոր մյուսները հավասար վիճակում են», - եզրափակել է ֆինանսների նախարարը: