Արմինֆո. Ազգային ժողովը դեկտեմբերի 13-ի արտահերթ նիստում վավերացրել է 2016 թվականի հունիսի 29-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը:
Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի ասելով, համաձայնագրով կողմերը պարտավորվում են համագործակցություն հաստատել Հայաստանի և ԳԴՀ հարկային մարմինների միջև: Փոխնախարարի ասելով, փաստաթղթի վավերացումը թույլ կտա աշխուժացնել երկկողմ հարաբերությունները, իսկ ապրանքների, կապիտալի, մարդկային ռեսուրսների և տեխնոլոգիաների տեղաշարժը կհանգեցնի տնտեսական կապերի զարգացման: Հայաստանը պարտավորվում է մի շարք բաղադրիչների գծով չհարկել գերմանացի ռեզիդենտներին կամ հարկել նվազագույն տոկոսադրույքուվ: Հայաստանի Հանրապետությունն իրավուքն ունի հարկել հանրապետությունում գերմանացի ռեզիդենտների ստացած շահաբաժինները` այն դեպքում, եթե նրանք երկրում ձեռներեցությամբ զբաղվում են մշտական հիմունքով: Բացի այդ, Հայաստանը հարկեր չի գանձի Գերմանիայի ռեզիդենտների այն եկամուտներից, որոնք ստացվում են միջազգային փոխադրումներից: Գերմանացի ձեռներեցներն այդ հարկերը կվճարեն Գերմանիայում: Փաստաթղթում նաև ներկայացված է շահաբաժիններից գանձման կարգը, որի չափը հավասար կլինի 7%-ի, եթե Հայաստանում գրանցված ընկերության կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի առնվազն 25%-ը պատկանում է գերմանացի ռեզիդենտին: Մնացած բոլոր դեպքերում հարկի չափը հավասար կլինի 10%-ի: