Արմինֆո. ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 15-ի նիստում հայտարարել է Սյունիքի մարզում ներդրումներ ներգրավելու նպատակով ներդրումային հիմնադրամ հիմնելու մասին: Ինչպես հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Սյունիքի մարզում զարգացման և ներդրումային բարենպաստ դաշտի ստեղծման համակարգված գործողությունների անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ մարզերում տնտեսական ակտիվությանը նպաստելը համարվում է պետության առանցքային խնդիրներից, և առավել նպատակահարմար է այն իրականացնել համապատասխան մասնագիտական և ֆինանսական ներուժ ունեցող կառույցի միջոցով:
Հիմնադրամը կիրականացնի բացառապես Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված գործունեություն: Անդրադառնալով որոշմանը՝ գործադիրի ղեկավարը կարևորել է նախաձեռնությունը և հորդորել հետևողական լինել՝ հնարավոր համարելով այդ փորձի կիրառումը նաև այլ մարզերում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին կառավարությունը հավանություն էր տվել «Հայաստանի իրավազորություն» ծրագրի հիմնադրույթներին: Ծրագիրն ուղղված է ոչ միայն տնտեսության իրական ոլորտի մեջ օտարերկրյա ներդրումների ներգրավման երկարաժամկետ հեռանկարի ապահովմանը, այլև մեծ շուկաների միջև ներդրումային հոսքերի համար հարմարավետ և գրավիչ հանգույցի ստեղծմանը։ «Հայաստանի իրավազորություն» (Jurisdiction Armenia) ծրագրի գաղափարախոսությունն է` համապատասխան քայլերի հաջորդականությամբ մշակել այն հարթակը, որը Հայաստանը գրավիչ կդարձնի օտարերկրյա ընկերությունների համար և կստեղծի խթաններ ֆինանսական հոսքերը, ինչպես նաև մարդկային ռեսուրսները դեպի Հայաստան վերաուղղելու համար: Ծրագրի կարգախոսն է՝ «անվտանգ, բարենպաստ և հասանելի»։
Նշենք, որ դեպի Հայաստան ներդրումների ներգրավման խնդիրը դրված է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության վրա, որը ներկայումս մշակում է խոշոր ներդրումային հիմնադրամի ստեղծման հայեցակարգը: Մինչ այդ Հայաստանում գործում էին երկու կառույցները `Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը և Զարգացման հայկական գործակալությունը, որոնց հիման վրա հետագայում ստեղծվեց Հայաստանի Զարգացման Հիմնադրամը: Այդ կառույցի արդյունավետությունը, որը ֆինանսավորվում է նաև Համաշխարհային բանկի վարկերով, մշտապես կասկած է հարուցել: Այդ կառույցների գործունեության Ֆոնի վրա, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ծավալը դեպի Հայաստանի տնտեսություն վերջին երկու տարիներին մի քանի անգամ կրճատվել է$ 290 մլն-ից մինչև $ 90 մլն