Արմինֆո. Ըստ Յանդեքս Դենգի ընկերության ուսումնասիրությունների, 2016 թվականին Հայաստանի բնակիչները չինական ինտերնետ-խանութներում ծախսել են 2.7 անգամ ավելի գումար, քան նախորդ տարում, իսկ գնումների թիվն ավելացել է մոտ 4 անգամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, Չինաստանի ինտերնետ-խանութներում հայ օգտատերերը պատվիրում են սմարթֆոններ, պլանշետներ, կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա, խաղալիքներ, սպորտային ապրանքներ, հագուստ և այլն, որտեղ միջին վճարը կազմում է 2896 դրամ (ըստ ՌԴ ԿԲ 14.12.16թ.փոխարժեքի): Մեկ գնորդին մեկ տարում միջին հաշվով ընկնում է 5 օնլայն-պատվեր:
Ըստ աղբյուրի, չինական ապրանքները հիմնականում գնում են Երևանում, Գյումրիի և Վանաձորի օգտատերերը: Ամենաբարձր միջին գնումը գրանցվել է Գյումրիում - 4892 դրամ, որին հաջորդում են` Երևանը – 3550 դրամ և Վանաձորը – 2264 դրամ:
Նշենք, որ հետազոտությունն անց էր կացվել Յանդեքս.Կասսա վճարային համակարգի մոնիտորինգի հիման վրա, 2015 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 12-ը:
Հիշեցնենք, որ ըստ TNS-ի 2016 թվականի տվյալների, Յանդեքս Դենգի-ն ամենատարածված էլեկտրոնային վճարային ծառայությունն է ռունետում, որը թույլ է տալիս վճարել և վճարումներ ընդունել էլեկտրոնային փողերով, կանխիկ, ինչպես նաև Visa և MasterCard բանկային քարտերի միջոցով: 2016 թ. աշնան դրությամբ համակարգն ուներ մոտ 28 մլն գրանցված դրամապանակ, իսկ ամեն օր բացվում է մոտ 15 հազար նոր դրամապանակ: Յանդեքս.Կասսա-ն ունիվերսալ վճարային լուծում է, որը կայքերին թույլ է տալիս վճարների ընդունումը կատարել ամենատարածված վճարային մեթոդներով`ինտերնետ-բանկինգի միջոցով, շարժական համարներից, QR-ծածկագրերի միջոցով և 250 հազար կանխիկ միջոցների ընդունման կետերի միջոցով ԱՊՀ երկրներում: Ըստ MARC-ի և Թեգլայնի տվյալների, Յանդեքս.Կասսա-ն այսօր ամենատարածված վճարային լուծումն է Ռուսաստանում: Այսօր այդ համակարգին են միացված ավելի քան 75 հազար օնլայն խանութներ: Յուրաքանչյուր վայրկյան այդ ծառայությունով անցնում են մինչև 600 վճարումներ: Այսօր այդ համակարգի օգնությամբ վճարներ են ընդունում AliExpress, TradeEase, JD, LeEco, LightInTheBox, TradeEase համակարգերը, ինչպես նաև չինական տասնյակ հարթակներ: