Արմինֆո. Եվրամիությունը տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին պետպարտքի կառավարման մոտեցումների մշակման հարցում: Այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողներին հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության Գործառնական բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:
Համատեղ աշխատանքի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարությունն այսօր հայտարարել է 2017-2019 թվականների կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարության մասին, որն ուղղված է երկրի ներքին պարտքի մեծացմանը: Ինչպես հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը Ռազմավարության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ, Հայաստանի կառավարությունն արդեն որոշակի հաջողությունների է հասել պետական պարտքի կառավարման առումով, բայց երկրի պետական պարտքի հիմնական շահառուների` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, ԱԶԲ-ի և Եվրամիության օգնությամբ հուսով է ներդնել լավագույն փորձն այդ ոլորտում:
«Կառավարությունը վերջին տասը տարիների ընթացքում բազմաթիվ օժանդակություններ և համագործակցության եզրեր է ունեցել միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, և հիմնական նպատակը եղել է ավելի զգուշավոր, նպատակային պարտքային քաղաքականություն իրականացնելը»,-նշել է Հայրապետյանը:
ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի պետ Հոա Բին Աջեմյանը կարևորել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարտքի կառավարման և պետական ներդրումների ոլորտում լիարժեք թափանցիկության ապահովումը՝ հավելելով, որ պետական պարտքի թափանցիկությունը կարևորագույն տարր է, որն ուղղակիորեն մեծացնում է թողարկողի վարկունակությունը և գրավում է պետական ու մասնավոր օտարերկրյա ներդրողներին: «Ես կարծում եմ, որ կառավարությունն այս պահին շատ ճիշտ միջոցառումներ է իրականացնում պետական պարտքի կառավարման ուղղությամբ, և մենք օժանդակում ենք կառավարությանը, որպեսզի հստակ համակարգվի այդ գործընթացը՝ բացառելու համար հնարավոր վտանգները»,-նշել է նա:
Աջեմյանի խոսքով պետական պարտքի կառավարման (ՊՊԿ) և պետական ներդրումների կառավարման (ՊՆԿ) հզորացման ուղղությամբ ԵՄ աջակցությունը նպատակ ունի ապահովել Հայաստանի կարողությունները` հարթ կերպով զարգացնելու իր տնտեսությունը` ի շահ իր քաղաքացիների:
ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության (ՊՊԿՎ) պետ Արշալույս Մարգարյանը նշել է պարտքի կառավարման առաջնային դիլերների կարևոր դերը և ներկայացրեց այն տեխնիկական բարեփոխումները, որոնք իր վարչությունը մտադիր է իրականացնել մոտ ապագայում` ՀՀ պետական պարտքի շուկայի արդյունավետությունը բարձրացնելու և ներքին պարտքի ընդհանուր ծախսերը նվազեցնելու նպատակով: ՊՊԿՎ-ի ռազմավարության և ռիսկերի կառավարման բաժնի պետ Արթուր Համբարձումյանը ներկայացրել է պարտքի կառավարման 2017-2019թթ. միջնաժամկետ ռազմավարությունը՝ պարզաբանելով, որ ՀՀ կառավարությունն ընտրել է ներքին պարտքի շուկայի զարգացմանն ուղղված ռազմավարությունը` ներքին աղբյուրների հաշվին բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման մասնաբաժնի ավելացման միջոցով:
ՊՊԿՎ-ի պետի տեղակալ, գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանը
Մեկնաբանել է 2017թ. փոխառությունների ծրագիրը և ընդգծեց պետական արժեթղթերի թողարկումների համախմբումն ու ավելի մեծ ծավալներով ուղենշային պարտատոմսերի շրջանառումը: 2017թ. կառավարության զուտ ներքին փոխառության պահանջները կկազմեն 45 մլրդ դրամ` 2016թ. 42 մլրդ դրամի համեմատ:
Պետական ներդրումների կառավարման ԵՄ աջակցության ծրագրի թիմի ղեկավար Հովհաննես Ավետիսյանը ներկայացրել է ներկա նվազ պետական ֆինանսական միջոցների համատեքստում պետական ներդրումային ծրագրերի առաջահերթությունների սահմանման կարևորությունը և ներկայացրեց կառավարության հետ ներկայումս քննարկման փուլում գտնվող պետական ներդրումների գնահատման և առաջնահերթությունների սահմանման համակարգը, որի ընդունումը նախատեսվում է 2017թ.:
Պետական պարտքի կառավարման ԵՄ աջակցության ծրագրի թիմի ղեկավար Ջին-Լյուք Սթեյլլերսը նկարագրել է մի կողմից` պարտքի ռազմավարության և ֆինանսավորման ծրագրերի միջև կապը, մյուս կողմից`պետական ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների սահմանումը:
Նշենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 31-ին Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է $ 5 մլրդ.607 մլն, իսկ տարեվերջին այն կհասնի ՀՆԱ –ի 54.6%-ին կամ $ 5 մլրդ. 849 մլն-ի: Արդեն 2017 թ, Հայաստանի պետական պարտքի անվանական ծավալը կանխատեսվում է - $ 6,245 մլրդ, կամ ՀՆԱ-ի 56.1%-ը: Պետական պարտքի կառուցվածքում կառավարության պարտքը կազմել է $ 5 մլրդ 108 մլն, այդ թվում, արտաքին պարտքը կազմել է $ 4 մլրդ. 45 մլն, իսկ ներքին պարտքը`$ 1 մլրդ 63 մլն.: Կենտրոնական բանկի պարտքը կազմել է $ 499 մլն, որի $ 148 մլն-ը կազմում են կառավարության երաշխիքով տրամադրված վարկերը: Հայաստանի պետական պարտքի վարկատուներն են` Միջազգային զարգացման ընկերակցությունը (ՄԶԸ) - պետական պարտքի 38,8%-ը, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը - 15,8%, Ասիական զարգացման բանկը - 13,2%, Արժույթի միջազգային հիմնադրամ - 4.8 %, Եվրասիական զարգացման բանկ - 3.4%, ԵՄ - 2.4%, Եվրոպական ներդրումային բանկ - 2.2%, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ - 2.1%, ՕՊԵԿ - 1.4%, ՎԶԵԲ - 0.6%: Հայստանի վարկատու երկրներն են` Ճապոնիա - 8.2%, Գերմանիա - 3.6%, ԱՄՆ – 0.8% և Ռուսաստան - 0.3%: