Արմինֆո. Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը միջազգային շուկաներում և այսուհետ Մեծ Բրիտանիայում հանդես է գալու լիազոր ներկայացուցչի միջոցով, որը կլինի Արմեն Ասլանյանը: Մեծ Բրիտանիայում ներկայացուցչի առկայությունը ևս մեկ քայլ է միջազգային ֆինանսական կառույցների հետ առավել սերտ և արդյունավետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, Լոնդոնում Ամերիաբանկը կներկայացնի Արմեն Ասլանյանը, ով ունի ավելի քան 12 տարվա փորձ ներդրումային բանկային ոլորտում, տնտեսագիտության բակալավրի և ֆինանսական տնտեսագիտության մագիստրոսի կոչումներն ստացել է Շեֆիլդի համալսարանում և Բրունելի բիզնես դպրոցում, իսկ 2012 թվականից ակտիվորեն ներգրավված է ԵՄ ու Մեծ Բրիտանայի ներդրումային բանկային ոլորտում:
Աղբյուրի համաձայն, 2007թվականից ի վեր Ամերիաբանկը միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար՝ տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորման և զարգացման համար:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2016 թվականի հոկտեմբերի 1-ի Ամերիաբանկը պահպանում առաջատարի դիրքերն ակտիվների ծավալներով - 524.1 մլրդ դրամ (տարեկան աճը`18.5%), ընդհանուր վարկային ներդրումներով (352,3 մլրդ դրամ, տարեկան աճը`21, 4%), այդ թվում`տնտեսության վարկավորման ծավալներով (306,8 մլրդ. ՀՀ դրամ, տարեկան աճը` 22,4%): Բանկն առաջատարների շարքում է նաև արդյունաբերական հատվածի (ներառյալ էներգետիկ համալիրը), գյուղատնտեսության, շինարարության հատվածի, առևտրի ոլորտի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտների վարկավորման հատվածներում: Վարկային ռեսուրսների արդյունավետ տեղաբաշխումը բանկին թույլ է տվել տարվա առաջին 9 ամիսներին ապահովել 3.5 մլրդ դրամի զուտ շահույթը (1 տեղը շուկայում): Հատկանշական է, որ բանկն առաջատարն է նաև պարտավորությունների գծով, ինչպես ընդհանուր, այնես էլ ժամկետային և ցպահանջ ավանդների ծավալներով: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ`տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկի բաժնետերերը են`Ameria Group CY Ltd`79.3% և ՎԶԵԲ` 20.7%: