Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանի Հանրապետության 10 խոշոր ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ լսել ներկրողների գործունեությանն առնչվող խնդիրները և կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն հետագա գործունեության համար:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչույունը, տնտեսվարողները, մասնավորապես նշել են, որ վերջին ժամանակաշրջանում փաստաթղթաշրջանառությանը, այդ թվում՝ մաքսային ձևակերպումներին առնչվող հարցերին տրվում են օպերատիվ լուծումներ: Որպես խնդիր նրանք առանձնացրել են բեռնափոխադրումների հետ կապված հարցը, որը պայմանավորված է անբարենպաստ եղանակի հետևանքով Վերին Լարսում ստեղծվող իրավիճակով:
Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ կառավարությունը ներկայում քայլեր է ձեռնարկում նոր տրանսպորտային սխեմաներ մշակելու և Վերին Լարսի ճանապարհին այլընտրանքային տարբերակներ գտնելու ու տնտեսվարողներին առաջարկելու ուղղությամբ, որոնք թույլ կտան ինչպես ներկրումն, այնպես էլ արտահանումը կազմակերպել ավելի նպաստավոր պայմաններում և կանխատեսելի ժամանակահատվածում:
Հանդիպմանը քննարկվել են նաև խոշոր ներկրող կազմակերպությունների գործունեությանը վերաբերող այլ հարցեր, այդ թվում՝ ներկրվող որոշ ապրանքատեսակների արտադրությունը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը:
Աղբյուրի համաձայն, նախօրեին վարչապետ Կարապետյանը հանդիպել է նաև ՀՀ 10 խոշոր արտադրող-արտահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ և նշել, որ արտահանման խթանման համար կառավարությունը նախատեսում է ձեռնարկություններին ցուցաբերել գործուն աջակցություն: Մասնավորապես, ոլորտում նախատեսվում է մշտապես մոնիթորինգի ենթարկել արտահանումը կարգավորող իրավանորմերը, բացահայտել և վերացնել վարչա¬րա¬րության խոչընդոտները: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերվող մի շարք հարցեր, մասնավորապես, ՀՀ-ում արտադրված ապրանքների իրացման հետ կապված արտաքին շուկաներում առաջացող խնդիրները: Կարևորվել է մաքսային վարչարարության ընթացակարգերի պարզեցման մեխանիզմների մշակումն ու դրանից բխող գործառույթների իրականացումը:
Վարչապետը շեշտել է, որ կառավարությունը հետևողական է լինելու բարձրացված խնդիրների լուծմանը, քանի որ չափազանց կարևորում է Հայաստանում արտահանմանը միտված արտադրական ընկերությունների գործունեությունը:
Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2016 թվականի հունվար- հոկտեմբերին կազմել է1952.3 մլրդ. դրամ ($ 4067 մլն), տարեկան աճը`6.1%: Դրա կառուցվածքում արտահանման ծավալների տարեկան աճը կազմել է 19.8%, մինչև 697.8 մլրդ դրամ ($ 1453.7 մլն), իսկ ներմուծման տարեկան անկումը` 0.8%, մինչև 1254.5 մլրդ. դրամ ($ 2613.3 մլն): 2015 թվականի հունվար- հոկտեմբերին արտաքին առևտրի շրջանառությունը նվազել էր 20.4%, արտահանման` 2.2% և ներմուծման`26.6% անկման հետևանքով: Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2015 թվականի հունվար-դեկտեմբերին 2014-ի հունվար-դեկտեմբերի համեմատ կրճատվել է 20.6% (2014-ին` 1%, 2013-ին` 5.6%): Բացարձակ արտահայտությամբ արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 2.3 տրլն. դրամ ($ 4.7 մլրդ): Դրա կառուցվածքում արտահանման ծավալը 2015 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 710.5 մլրդ դրամ ($ 1.5 մլրդ), տարեկան անկումը`3,9% (2014-ի դեկտեմբերի աճը`2,7%, և 2013-ի դեկտեմբերի աճը`7,2%), իսկ ներմուծման ծավալը կազմել է 1.6 մլրդ դրամ ($ 3.3 մլրդ), տարեկան անկումը` 26,5% (2014-ի դեկտեմբերի աճը`0,4% և 2013-ի դեկտեմբերի աճը`5,1%):