Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ունի բիզնես պլան՝ կապված Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագծի իրականացման հետ, այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գերատեսչության ղեկավար Վահան Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, բիզնես պլանում նշված են կոնկրետ ներդրումները և նախագծի եկամտաբերության ժամկետը, անցկացվել են ապագա ճանապարհի առանձին հատվածների ուսոմնասիրություններ, որոնց արդյունքների համաձայն՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն աշխատում է հավանական ներդրողների հետ: Այնուամենայնիվ, ինչպես ներդրողների, ներդրումների, այնպես էլ նախագծի իրականացման ժամկետների մասով ավելի հստակ տեղեկատվություն նախարարը չի հայտնել: «Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի բանակցային գործընթացում դինամիկայի առկայության դեպքում»,- հայտարարել է նա՝ ավելացնելով, որ նախագծի իրականացումը Հայաստանի կառավարության գերակա ուղղություններից է:
Մինչդեռ, նշենք, որ նախագծի արժեքի գնահատում իրականացվել է դեռ 3 տարի առաջ: Ընթացիկ տավա հունիսի 6-ին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշել էր, որ
անցկացված Տեխնիկա-տնտեսական հիմնավորումներով (ՏՏՀ) Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախագիծը ճանաչվել է տնտեսապես հիմնավորված: Նա հիշեցրել է, որ 2012 թվականի մայիսին հայկական և իրանական կողմերն ստորագրեցին կոնցեսիոն համաձայնագիր, որով քննարկվեց այդ նախագծի նախագծման, շինարարության և ֆինանսավորման ՏՏՀ-ն:
2012 թ. մայիսին հայկական և իրանական կողմը կոնցեսիոն համաձայնագիր են ստորագրել, ըստ որի` քննարկվել են տեխնիկատնտեսական հիմնավորումներն ու նախագծման, շինարարության և նախագծի ֆինանսավորման հիմնական խնդիրները։ Հայաստանի և ՙՌասիա ՖԶԷ՚ ներդրումային ընկերության միջև իրականացված համագործակցության շնորհիվ մշակվել է ՙՀարավային երկաթուղի՚ նախագծի իրականացման տեխնիկական հիմնավորումը։ Նախագծի արժեքը գնահատվում է 3.5 մլրդ դոլար։ Հայաստանի տարածքում երկաթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 305 կմ։ Այն կունենա 19.6 կմ ընդհանուր երկարության 86 կամուրջ և 102 կմ ընդհանուր երկարության 60 թունել։ Շինարարությունը, ծրագրի համաձայն, կավարտվի 2022 թվականին։
Մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 16-ին, ԱրմԻնֆո-ի թղթակցին մեկնաբանելով նախագծում չինական ներդրումների ներգրավման հնարավորությունները, ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը հայտարարել էր, որ Իրան-Հայաստան երկաթուղային նախագծի իրականացման ժամկետների և իրական ներդրումների մասին հնարավոր կլինի խոսել այն բանից հետո, երբ ավարտվեն ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման շուրջ ուսումնասիրությունները: Նա ընդգծել էր, որ տվյալ պահին չինական երկու ընկերություն անհատույց ուսումնասիրում են ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը՝ Իրան-Հայաստան երկաթուղու նախագծի իրականացման նպատակահարմարությունը պարզելու նպատակով:
Նշենք, որ ԱրմԻնֆո-ի տնտեսական վերլուծաբանների կարծիքով, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման անարդյունավետությունը հիմնավորված է երեք հիմնական կարևորագույն գործոններով: Դա առաջին հերթին Հայաստանի երկաթուղու փակուղային վիճակում գտնվելն է և դեպի Ռուսաստան անմիջական ելքի անհնարինությունը, երկրորդ՝ նույնիսկ երկաթուղու աբխազական հատվածի հետագա հիպոթետիկ ապաշրջափակման դեպքում, այդ ժամանակ ներկայումս կառուցվող ավտոմայրուղու հայ-իրանական հատվածի առկայությունը միանգամայն անօգուտ կդարձնի Իրան-Հայաստան երկաթուղին՝ կապված վերջինիս ոչ մեծ երկարության հետ: Ի սկզբանե ցածր արդյունավետությանն ավելանում է նաև երրորդ, թերևս, կարևորագույն գործոնը՝ ՌԵՈւ կողմից իրականացվող Աստարա-Ռեշտ-Կազվին երկաթուղու նախագիծը: Դա տրանսպորտային նախագիծ է, որը միավորում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի գործող երկաթուղիները: Նախագիծն իրականացվում է ՙՀյուսիս-Հարավ՚ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում, որի նպատակը Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Հնդկաստանի և Օմանի տրանսպորտային-տեղեկատվական մայրուղիների ինտեգրումն է: Վերլուծաբանների կարծիքով, Իրան-Հայաստան երկաթուղու նախագիծը բացառապես քաղաքան շարժառիթ ունի, այդ պատճառով վերջին 3 տարում այն չի հաջողվել մեռյալ կետից շարժել: Քննադատությանը չի դիմանում նաև Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնման՝ ՉԺՀ $40 մլրդ արժողությամբ գերհավակնոտ ծրագրի շրջանակներում այդ նախագծին Չինաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ Հայաստանի պաշտոնատար անձանց հայտարարությունները: Նոր Մետաքսի ճանապարհի որևէ սցենարում Հայաստանն առկա չէ, փոխարենը քարտեզներում նշված են Իրան-Ադրբեջան և Թուրքիա-Վրաստան երկաթուղային հատվածները: