Արմինֆո. Հայաստանի ավիացիոն իշխանությունները բանակցություններ են վարում ռուսական կողմի հետ՝ ՌԴ օդանավակայաններում հայ ավիափոխադրողի համար ռուսական ավիափոխադրողներին հավասար պայմաններ ապահովելու նպատակով, այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հարցազրույցում «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը հայտարարել է, որ խախտվում է հավասար պայմաններ սահմանելու վերաբերյալ Հայաստանի և ՌԴ միջև միջկառավարական համաձայնագիրը: Ըստ որում, նա վկայակոչել է ՌԴ-ում հրապարակված պաշտոնական փաստաթուղթը օտարերկրյա և տեղի ավիափոխադրողների համար: Նրա ասելով, փաստաթղթում սահմանված գներով Երևան-Մոսկվա-Երևան չվերթի ինքնարժեքը հաշվարկելիս ռուսական փոխադրողի համար այն կազմում է 10-12 հազար դոլարով ավելի էժան, քան հայկական փոխադրողի համար:
Մինչդեռ, Ավետիսյանի խոսքով, օդանավագնացության և օդանավակայանային գանձումների ոլորտում գործող հայ-ռուսական միջկառավարական համաձայնագրում կա կետ, ըստ որի՝ հայ ավիափոխադրողներին պետք է տրամադրվեն պայմաններ՝ հավասար այն պայմաններին, որոնցից օգտնվում են ոչ ռուսական ընկերությունները: «Որևէ խախտում չեմ տեսնում»,- հայտարարել է պաշտոնյան:
Ներկայումս, ինչպես հայտնել է Ավետիսյանը, բանակցություններ են տարվում ռուսական կողմի հետ՝ միջկառավարական համաձայնագիրը վերանայելու նպատակով: Երկրի ավիացիոն իշխանություններն ակնկալում են բանակցությունների արդյունքում հայ ավիափոխադրողների համար սահմանել ռուսական ավիափոխադրողներին հավասար պայմաններ: Նրա խոսքով, արդյունքում դա կանդրադառնա ավիատոմսերի գների վրա, քանի որ ռուսական ուղղությունը հիմնական է համարվում Հայաստանի ավիափոխադրողների համար: