Արմինֆո.Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Շուլցին: Հանդիպմանը մասնակցել են նաև «Էֆ Էլ Սմիթ Ռուսաստան» ընկերության շուկայի զարգացման գծով մենեջեր Պիտեր Դեյվիսը և «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանը:
Նախագահը բարձր է գնահատել հայաստանյան շուկայում, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում ոլորտի լավագույն ձեռնարկություններից մեկի՝ «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գլխավորած հանքարդյունաբերական ձեռնարկության գործունեությունը, որի հետ Հայաստանի համագործակցությունը տարիների պատմություն ունի և իր նպաստն է բերում երկրի տնտեսական աճին:
Եկող տարեսկզբին իր գործունեության 135-ամյակը նշող «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրենը դրվատանքով է խոսել Հայաստանում իր հիմնական գործընկերոջ՝ «Վալլեքս գրուպ» ընկերության հետ ավելի քան 10 տարվա արդյունավետ համագործակցության մասին, ընդգծելով, որ ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող իր գլխավորած ձեռնարկությունը Հայաստանում հաջողությամբ է իրականացնում գործունեությունը ի շնորհիվ նաև աշխատասեր հայ ժողովրդի և որակյալ հայ մասնագետների:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են բնական պաշարների խնամքով և խնայողաբար օգտագործումը բնապահպանական բոլոր պահանջներին համապատասխան՝ ի նպաստ տնտեսության զարգացման և ներկայիս ու ապագա սերունդների բարեկեցության:
Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Թոմաս Շուլցին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ Հայաստանում լեռնահանքային արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ փոխգործակցության համար:
Հանրապետության Նախագահը Երախտագիտության մեդալ է հանձնել նաև «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանին, որով գործարարը պարգևատրվել էր ավելի վաղ:
Նշենք, որ 1982 թվականին հիմնված Էֆ Էլ Սմիթ տրանսազգային ընկերությունը, որի կենտրոնը գտնվում է Կոպենհագենում, զբաղվում է լեռնահումքային, հարստացուցիչ և ցեմենտի արդյունաբերության սարքավորումների տեխնոլոգիաների մշակումով և արտդարությամբ: Ընկերությունը տրամադրում է ջարդող, մանրացնող, դասակարգող, խտացնող, պարզեցնող, զտող, վերամշակող, ֆլոտացիոն, բաշխող, բեռնաթափող, ավտոմատացնող,տեխնոլոգիաներ, սարքավորումներ և ծառայություններ, ինչպես նաև մատակարարում է հանքային համակարգեր, ինժինիրինգ և արդականացման ծառայություններ: Ընկերությունը հանդիսանում է լեռնահումքային ոլորտի սարքավորումներ մատակարարող առաջատար ընկերություն: Հիշեցնենք, որ «Վալլեքս Գրուպ» ՓԲԸ (Vallex Group) հիմնադրվել է 1998-ին և միավորում է 20 դուստր և փոխկապակցված ընկերությունների: Դրանց թվում են` «Թեղուտ» ՓԲԸ-ն, որն ստեղծվել է 2006 թվականին, Թեղուտի նախագծի համակարգման նպատակով, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն, որը շահագորևծում է Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը գյուղում ԼՂՀ Մարտակերտի շրջանում, «Armenian Copper Programme» ՓԲԸ (ACP), որը շահագործում է Ալավերդու պղնձաձուլման կոմբինատը: «Թեղուտ» ՓԲԸ հիմնադրվել է 2006 թվականի մայիսի 22-ին` «Վալլեքս» խմբի կողմից: ՓԲԸ բաժնետոմսերի լրիվ փաթեթը պատկանում է կիպրոսյան «Թեղուտ Ինվեսթմենթս Լիմիթիդ» ՓԲԸ-ին, որի քվեարկող բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է «Արմենիան քոփր Փրոգրամ» ՓԲԸ-ին, որի սեփականատերը Վալերի Մեջլումյանն է: