Արմինֆո. Հայաստանում երբեք կեղծ դեղեր չեն եղել, այլ բան է՝ ապօրինի ներմուծված դեղորայքը: Ինչպես նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը, դեղերի 35-40%-ն ապօրինի կերպով ներմուծվում է Վրաստանից, ինչը պայմանավորված է գնային քաղաքականությամբ, որը մի քանի անգամ տարբերվում է Հայաստանում դեղերի սահմանված գներից: Այդ արտադրանքը հիմնականում իրացվում է Հայաստանի մարզերում: Հայրենական շուկայում գների թանկությունը Ս. Զաքարյանը բացատրել է ԱԱՀ առկայությամբ, ինչը բացակայում է Վրաստանում, Ադրբեջանում, ինչպես նաև հայկական շուկայի նկատմամբ խոշոր արտադրող ընկերությունների հետաքրքրության բացակայությամբ:
«Արտադրողների համար Հայաստանի շուկայում կան ռիսկեր: Դա առաջին հերթին մշտապես փոփոխվող անհասկանալի օրենքներն են, ինչ-որ դեղամիջոցի համար ինչ-որ կազմակերպության տուգանման մասին պաշտոնական տեղեկատվության հայտնվելը, ինչը, օրինակ հայկական շուկայից խոշոր խաղացողի հեռացման պատճառ դարձավ՝ ի դեմս Astra Zeneca-ի»,- նշել է նա: Դեղերի գների պետական կարգավորման առնչությամբ Ս. Զաքարյանը նշել է, որ պետության մասնակցությունը դրան հնարավոր է միայն պետական գնումների իրականացման դեպքում:
Առանց դեղատոմսի դեղ վաճառելու արգելքի մասին նոր օրենքը, որն ուժի մեջ մտավ ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ից, փորձագետը դրական է գնահատել՝ նշելով, որ միջազգային ստանդարտներին համապատասխանող դրույթներ պարունակող այդ օրենքը պետք է դիտարկել որպես շուկայի մասնակիցների նկատմամբ պահանջների խստացում:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թ. հունվար-հոկտեմբերին դեղագործական արտադրանքի արտադրության ծավալը Հայաստանում կրճատվել է 0,5%-ով՝ մինչև 6.3 մլրդ դրամ՝ մեկ տարի առաջ նույն ժամանակաշրջանի 28,6% աճի փոխարեն: Ողջ 2015 թ. ընթացքում դեղագործական արտադրանքի արտադրության ծավալը կազմել է 7.6 մլրդ դրամ՝ 25,1% տարեկան աճով՝ 2014 թ. 10% աճի փոխարեն: