Արմինֆո. ՏՀՏ ոլորտը կարող է հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կփոխի և´ տնտեսությունը, և´ միջավայրը, և´ մշակույթը: Այդպիսի կարծիք է հայտնել վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր կառավարությունում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ հերթական քննարկման ժամանակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել ՏՀՏ ոլորտի կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման վերաբերյալ առաջարկությունների ամփոփման և ծրագրերի մշակման ընթացքի մասին: Տեղեկացվել է, որ այժմ այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտի ներկայացուցիչների համատեղ աշխատանքային խմբի շրջանակում:
Կարեն Կարապետյանը կարևորել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը ոլորտի առաջընթացը հաջողելու գործում և ՏՀՏ ներկայացուցիչների նման մտածելակերպ, քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդկանց թվի ավելացումը: «Ես ձեզ հետ շատ մեծ հույսեր եմ կապում. դուք կարող եք հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կփոխի և´ տնտեսությունը, և´ միջավայրը, և´ մշակույթը», - նշել է կառավարության ղեկավարը և պատրաստակամություն հայտնել օժանդակել կառուցողական բոլոր նախաձեռնություններին:
Նախատեսվում է 2017 թ. հունվարի կեսերին վարչապետին ներկայացնել աշխատանքների արդյունքները և առարկայական ծրագրերի փաթեթ՝ կոնկրետ միջոցառումներով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցություն էր հրավիրել՝ նվիրված տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման հեռանկարներին: «Ինձ պետք է ծրագիր, որ աշխարհը շուռ տանք: Մենք ի՞նչ պետք է փոխենք, որպեսզի, բացի կոնկրետ ծրագրերից, ձեր ոլորտը, բիզնեսը, շուկան զարգանան, ի՞նչն է ձեզ խանգարում: Ինձ պետք է հասկանալ ձեր ոլորտի քաղաքականությունը՝ և´ որակապես լավ մասնագետների թիվն ավելացնելու, և´ ՀՆԱ-ի մեջ արտադրողականությունը մեծացնելու համար», - ասել էր վարչապետը, նշելով, որ այդ ոլորտը համարում է մեր տնտեսության ամենամեծ շարժիչներից մեկը և պատրաստ է ոլորտի ներկայացուցիչների հետ բաց քննարկել ՏՀՏ-ին առնչվող բոլոր հարցերը՝ կրթական համակարգ, բուհ, մասնագետների պատրաստում, կառավարման մեխանիզմներ և այլն: Նա նաև հայտարարել էր, որ ակնկալում է լսել կառավարության՝ ՏՀՏ բնագավառի առաջընթացին ուղղված քայլերի վերաբերյալ ներկաների պատկերացումներն ու կոնկրետ առաջարկները: Կառավարության ղեկավարին ներկայացվել էին ոլորտի զարգացման նպատակով մշակված մի շարք գաղափարներ և ծրագրերի նախագծեր: Վարչապետը նաև նշել էր, որ կառավարությունը ներդրումային հիմնադրամ է ստեղծում, որն ընդհանրապես բիզնեսին աջակցելու գործիք է լինելու, այդ թվում նաև՝ ՏՀՏ ոլորտում: Վարչապետը հանձնարարել էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ համատեղ աշխատել ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, հստակ ձևակերպել համատեղ անելիքները, մշակել և ներկայացնել նպատակային միջոցառումներով ու կիրառական արդյունքներով կոնկրետ ծրագրերի առաջարկներ: Ավելի վաղ վարչապետը կոչ էր արել 15 երկրներում Հայաստանի դեսպանատնհերում հարթակ ստեղծել հանրապետության ՏՏ ներուժը ներկայացնելու համար:
2015 թվականի տվյալներով, Հայաստանի ՏՏ ոլորտում գործում է շուրջ 500 ընկերություն: Ոլորտն ապահովում է տարեկան 20-25% աճ: Հայաստանի ՀՆԱ-ում ՏՏ ոլորտի բաժինը կազմում է 3,8%: Ճյուղի զարգացման ռազմավարության համաձայն, մինչև 2018 թիվը նախատեսվում է ապահովել ՏՏ ոլորտի 1 մլրդ դոլարի շրջանառություն: