Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ չի զբաղվում սակագների սահմանման հարցերով, դա ռեգուլյատորի իրավասությունն է, ի դեմս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի: Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողներին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, մեկնաբանելով 2017 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագների իջեցման մասին ՀԾԿՀ որոշումը:
Ինչպես ընդգծել է Հարությունյանը, ռեգուլյատորը քայլեր է ձեռնարկում էլեկտրաէներգիայի սակագների իջեցման ուղղությամբ, որպեսզի բնակչությունն իրեն զգա ավելի հարմարավետ: Նա նկատել է, որ Հանձնաժողովը, որպես կանոն, փոխհատուցում է այն վնասները, որոնք համարում է հիմնավորված, մարժայի սահմանման միջոցով: Ներկայումս ընկերությունը չունի ժամկետանց պարտավորություններ: «Կան բոլոր նախադրյալները, որպեսզի դրանք չլինեն նաև ապագայում»,-ընդգծել է Հարությունյանը:
Պատասխանելով ընկերության գործունեության վրա Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ազդեցության վերաբերյալ ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, նա նշել է, որ բոլոր ռիսկերը փոխհաուցվում են ՀԾԿՀ կողմից սահմանված մարժայով: Նշենք, որ ՀԾԿՀ դեկտեմբերի 23-ի որոշմամբ 2017 թվականի փետրվարի 1-ից Հայաստանում կկիրառվեն էլեկտրաէներգիայի նոր սակագներ, որոնք սոցիալապես անապահով խավերի համար կնվազեն 6.2 դրամ 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց, իսկ մյուս սպառողների համար` 1.22 դրամ:
ՀԷՑ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագները հետևյալն էն`110 կիլովոլտ լարումով էլեկտրաէներգիա սպառողների համար 1 կիլովատ/ժամի ցերեկային սակագինը կազմում է 33.48 դրամ, գիշերային սակագնինը`29,48 դրամ: Իսկ 35 կիլովոլտ լարումով էլեկտրաէներգիա սպառողների համար 1 կիլովատ/ժամի ցերեկային սակագինը կազմում է 35,98 դրամ, գիշերային սակագնինը`31,98 դրամ:
6(10) կիլովոլտ լարմամբ էլեկտրաէներգիա սպառողների համար 1 կիլովատ/ժամի ցերեկային սակագինը կազմում է 41,98 դրամ, գիշերային սակագնինը`31,98 դրամ: 0,38 կիլովոլտ լարմամբ էլեկտրաէներգիա սպառողների (բնակչություն) համար 1 կիլովատ/ժամի ցերեկային սակագինը կազմում է 44,98 դրամ, նախկին 46,2 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագնինը`34,98 դրամ: Սակագների վերանայման վրա ազդեցին մի շարք գործոններ, բայց հիմնականում - գազի սակագների նվազումը: