Արմինֆո. Գյուղնախարարությունը մշակում է պարարտանյութերի շուկայի ձևավորման մեխանիզմ: Այդ մասին հայտարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը` նախօրեին ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ այցելուըթյան ժամանակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեեցին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կենտրոնի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ք.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սաղյանը տեղեկացրել է, որ իրենց հիմնական ուղղվածությունը տարբեր կենսապատրաստուկների արտադրությունն է, որոնք կիրառվում են գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության մեջ: Կենտրոնը մասնավորապես առաջարկում է կենսապարարտանյութեր, որոնք փոխարինում են ազոտական պարարտանյութերին և ի տարբերություն վերջինիս` օրգանական պարարտացման եղանակ են, արդյունավետությունը շուրջ 25 տոկոսով ավելի բարձր է, առավել մատչելի են, բացի այդ, վերականգնում են հողի միկրոֆլորան` նպաստելով բերրիության աճին:
Կենտրոնում հնարավոր է արտադրել տարեկան մոտ 80 տոննա պարարտանյութ:
Գիտական կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում Իգնատի Առաքելյանը նշել է, որ նախարարությունը, որը մինչ այս ֆինանսավորել է պարարտանյութերի ներմուծումը, պատրաստ է ազատականացնել շուկան, սակայն պարարտանյութեր արտադրողները չունեն հզորություններ առկա պահանջարկն ամբողջությամբ ապահովելու: Ուստի նախարարությունը կհայտարարի բաց մրցույթ, որին հնարավորություն կունենան մասնակցելու բոլոր այն ընկերությունները, որոնք պատրաստ են պարարտանյութ ներմուծել կամ արտադրել: «Այժմ մշակում ենք մեխանիզմ, որի նպատակը պետք է լինի պարարտանյութերի շուկայի ձևավորումը, որպեսզի արտադրողները գտնեն իրենց գնորդին, դաշտը դառնա առավել մրցակցային, և պետությունը կարողանա բաց թողնել այս շուկան: Սա նաև կհանգեցնի պարարտանյութերի, այդ թվում` ներմուծվող արտադրանքի մրցակցային գնագոյացմանը»,- իր խոսքում նշել է գյուղատնտեսության նախարարը:
Աշխատակիցները նաև տեղեկացրել են, որ վերջին 10 տարիների ընթացքում կենտրոնում մշակվել է հակամիկրոբային պատրաստուկ, որը թռնաբուծության և խոզաբուծության մեջ փոխարինում է սալմոնելոզի դեպքում կիրառվող հակաբիոտիկներին:
Հանդիպման ավարտին կենտրոնի աշխատակիցները նշել են, որ կներկայացնեն անհրաժեշտ բոլոր հիմնավորումները գնային առավելության մասին, իսկ նախարարը պատրաստակամություն է հայտնել քննարկել հարցը Հայաստանի թռչնաբույծների միության հետ: