Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը գտնում է, որ Հայաստանում չկան մոնոպոլիաներ՝ բացառությամբ բնական մոնոպոլիաների: Այդ մասին նա հայտարարել է այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ:
Նախարարի խոսքով, երկրում գոյություն ունեցող մոնոպոլիաները կարգավորվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Մնացած ոլորտներում, ինչպես հայտարարել է Կարայանը, կան գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ, ինչը պայմանավորված է տեղական տնտեսության փոքր մասշտաբներով: «Այսօր կարող եմ վստահաբար հայտարարել, որ ապրանքային շուկան բաց է, և այնտեղ գործող խաղացողների համար որևէ սահմանափակում չկա: Բոլորը դրանում համոզվեցին բանանի ներմուծման օրինակով. ներկայիս իրականության մեջ որևէ սահմանափակում, որևէ մոնոպոլիստական գաղափար չկա: Եթե կլինեն այդպիսիք, խնդրում եմ, կոնկրետ դեպքերով անձամբ ինձ ասել»,- ասել է Կարայանը:
Նշենք, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին ՀՀ նոր կառավարությունը հրապարակեց իր գործունեության ծրագիրը, որի առաջնահերթությունների թվում նշված էր արհեստական մոնոպոլիաների վերացումը և կոռուպցիայի դեմ պայքարը: Շուկայի մենաշնորհացման խնդրի մասին Հայաստանի տնտեսական վիճակի իրենց գնահատականներում և եզրակացություններում բազմիցը նշել են նաև միջազգային դոնոր կազմակերպությունները: Երկրում համակարգային կոռուպցիայի հետևանքով ներմուծվող ապրանքային դիրքերի մեծ մասը մենաշնորհացվեց օլիգարխների և խոշոր պաշտոնյաների կողմից, այդ թվում բանանի ներմուծման շուկան՝ ԴԱՀԿ նախկին ղեկավարի կողմից: Այսօր նոր կառավարությունը խուսափում է «մոնոպալիա» տերմից՝ փոխարինելով այն «գերիշխող դիրքով», թեև, ինչպես նշում են փորձագետները, խոսքը վերաբերում է հասկացությունների պարզ փոխարինմանը, քանի որ հենց լիակատար գերիշխումը երկրում ապրանքային շուկաների բազմամյա մենաշնորհացման հետևանք դարձավ:
Այնուամենայնիվ, կառավարության ծրագրում ընդգծվում էր, որ եռամսյա ժամկետում կառավարությունը մտադիր է քրեականացնել ապօրինի հարստացումը և վեցամսյա ժամկետում համապատասխան օրենքների կիրարկումը երաշխավորող մեխանիզմներ ներդնել: Կառավարությունը նաև մտադիր է վեցամսյա ժամկետում զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ, այդ թվում` համապատասխան խորհրդի ձևավորման սկզբունքների վերանայման միջոցով, ընդլայնել հրապարակային պաշտոնյաների շրջանակը, որոնք պատավոր են ներկայացնել եկամուտների և գույքի վերաբերյալ հայտարարագիր, ինչպես նաև իրականացնել շահերի բախումների հայտարարագրման ինստիտուտի ներդրմանը նպատակաուղղված միջոցառումներ, սահմանել կանխիկ գործարքների իրավական սահմանափակումներ: