Արմինֆո. Էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործումը Հայաստանում այս տարի կտրուկ ավելացել է։ Ամփոփելով 2016թ. կատարված աշխատանքները հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։
Փոխնախարարի փոխանցմամբ, Լեդ լամպերի ներմուծումը ավելացել է 20 անգամ։ Մասնավորապես նախորդ տարվա շուրջ 76 հազարի դիմաց 2016թ. Հայաստան է ներմուծվել 1 մլն 550 հազար էներգախնայող լամպ։ Արևային ֆոտովոլտային պանելների ներմուծումն ավելացել է 3-4 անգամ։ Նույն պատկերն է նաև արևային ջրատաքացուցիչների ոլորտում.
«Վստահ եմ, որ այս ցուցանիշները հաջորդ տարի ավելի կտրուկ ենք գերազանցելու»,- նշել է Հայկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ նման վստահության համար հիմք են հանդիսացել մասնավոր հատվածի հետ շփումները: «Միայն «Գրանդ Սպորտ» ընկերությունը պատրաստվում է մինչև մայիս տեղադրել արևային ջրատաքացուցիչների համակարգ, որը լինելու է ամենախոշորը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածշրջանում»,- ընդգծել է նա:
Ավելի վաղ ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում Հայկ Հարությունյանը հայտարարել էր, որ արևային էներգետիկայի զարգացման նախագծի իրականացումը պետք է ունենա լայն աշխարհագրություն` արտադրությունը և սպառումը հավասարակշռելու, ինչպես նաև ցանցի վրա փոփոխական հոսանքի բացասական ազդեցությունը նվազեցնելու համար: Ոլորտի զարգացումով կվերանայվեն նաև սակագները նոր կայանների համար: Հաջորդ փուլը խոշոր արևային էլեկտրակայանի կառուցումն է: Այդ գործընթանցն սկսվել է 2014 թվականին, բայց ակտիվ փուլի մեջ է մտել միայն այսօր: Այլընտրանքային էներգետիկայի զարգացման կլիմայական ներդրումային հիմնադրամը Հայաստանին տրամադրել է 28 մլն.դոլար, որից 2 մլն.դոլարը կլինի դրամաշնորհի, իսկ 26 մլն.դոլարը` վարկի տեսքով: Վարկի պայմանները շատ ձեռնտու են՝ տարեկան 0.25%, 40 տարի մարման ժամկետով և առաջին 20 տարիների համար արտոնյալ ժամանակահատվածով: Դրամաշնորհային միջոցներով կկատարվեն տեղի հետազոտման աշխատանքները, ինչպես նաև նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորման մշակումը, որը նախատեսվում է 100-120 մեգավատ հզորությամբ կայանի համար: Դաշտ է պատրաստվում ներդրողների համար`շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից, ինչպես նաև պատրաստվում են օրենսդրական և նորմատիվային ակտեր: Ներկայումս կան 6 նախագծեր, որոնք կհանվեն մրցույթի: Կհաղթի նա, ով կառաջարկի նվազագույն սակագին: