Արմինֆո. Վրաստանի կառավարությունը և ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը եկել են համաձայնության, որով դեպի Հայաստան ռուսական գազի տրանզիտի դիմաց Վրաստանը կստանա դրամական փոխհատուցում: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Նախօրեին Մինսկում տեղի է ունեցել երրորդ հանդիպումը Կալաձեի և «Գազպրոմ էքսպորտ» ընկերության ղեկավարության միջև: Հանդիպման արդյունքում Կալաձեն լրագրողներին հայտարարել է, որ այս անգամ Գազպրոմը հնչեցրեց դեպի Հայաստան գազի տրանզիտի նոր և վերջին պայմանները: «Գազպրոմի կողմից արվեց հետաքրքիր առաջարկ: Կցանկանայի ասել նաև, որ դա վերջին առաջարկն էր: Հիմնական խոսակցոթյունն ընթացավ ֆինանսական փոխհատուցման շուրջ»,-հայտարարել է Կալաձեն: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ վրացական կողմն ունի «շատ սովորական» դիրքորոշում, որ «անգամ ֆինանսական փոխհատուցմանն անցնելու պարագայում էլ երկիրը պետք է ստանա նույն օգուտը, ինչ բնական գազ ստանալիս»: Վրաստանի կառավարության այսօրվա նիստից հետո արդեն կառավարության անդամները որոշեցին ընդունել Գազպրոմի դրամական փոխհատուցման առաջարկը: ««Գազպրոմ էքսպորտ» ընկերության հետ ընթացող բանակցությունների մի քանի փուլերի արդյունքում, հաշվի առնելով առկա հանգամանքները, մենք կարողացանք համաձայնեցնել օպտիմալ առաջարկը: Կառավարությունը քննարկեց այդ առաջարկը և որոշեց ձևակերպել համաձայնագիրը: Ըստ պայմանագրի, դրանով չի ավելանում Վրաստանի կախվածությունը ռուսական էներգեկիրից, փոխվում է միայն վճարման ձևը, ինչը ենթադրում է անցում ֆինանսական փոխհատուցմանը`դեպի Հայաստան գազի տրանզիտի դիմաց: Ինչ վերաբերվում է տրանզիտային արժեքին, ապա այն ամենաբարձրներից կլինի Եվրոպայի երկրների շարքում»,-հայտարարել է Կալաձեն լրագրողներին: Նա նաև նշել է, որ «ֆինանսական տեսանկյունից մենք ստանում ենք մոտավորապես նույն արդյունքը, ինչ բնեղեն փոխհատուցման ժամանակ»: Նախարարը նաև ընդգծել է, որ իր սեզոնային պահանջները բավարարելու համար Վրաստանը ձեռք է բերում բնական գազի լրացուցիչ ծավալներ ստանալու լրացուցիչ հնարավորություն, ընդ որում`ավելի ցածր գնով – 215 դոլարի փոխարեն 185 դոլարով 1 խմ դիմաց»: Նրա խոսքով, պայմանագիրը երկու տարով է, առաջին տարում մասնակիորեն մնում է նաև փոխհատուցման հումքային ձևը, բայց հետո այն կփոխարինվի դրամական հաշվարկներով: «Դա օպտիմալ որոշում էր, հաշվի առնելով գոյություն ունեցող իրավիճակը»,-նշել է Կալաձեն: «Վրաստանը հարգում է միջազգային սկզբունքները և նորմերը, ինչը տրանզիտային գործառնություններ ունեցող երկրի համար շատ կարևոր է»,-հայտարարել է նա:
Վրաստանը տարեկան սպառում մոտ 2,5 մլրդ խմ գազ, որը հիմնականում ստանում է Ադրբեջանից: Ռուսական գազ երկիրը չի գնում 2007 թվականից: Միևնույն ժամանակ, Ռուսաստանից Վրաստանն ստանում է դեպի Հայաստան ռուսական գազի մատակարարման տրանզիտի ծավալի10% -ը: