Արմինֆո. Անելիք Բանկը հայտարարում է խաղարկություն` անվանական արժեկտրոնային պարտատոմսեր ձեռքբերողների համար: Խաղարկությունը տեղի կունենա 2017 թվականի հունվարի 20-ին, ժամը 12:00-ին: Հաղթողին շնորհվելու է 2 հոգու համար նախատեսված ուղեգիր:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, խաղարկությունը կցուցադրվի ուղիղ հեռարձակմամբ Անելիք Բանկի յութուբյան և ֆեյսբուքյան էջերում` https://www.youtube.com/user/AnelikBankArmenia և https://www.facebook.com/AnelikBankArmenia/ հղումներով:
«Այս խաղարկությամբ մենք շարունակում ենք Անելիք Բանկում ձևավորված ավանդույթը՝ հաճելի անակնկալներ մատուցելով մեր հաճախորդներին: Այս դեպքում մենք հնարավորություն ենք ընձեռել Անելիք Բանկի կողմից թողարկված արժեկտրոնային պարտատոմսեր ձեռքբերած բոլոր ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին շահել ուղեգիր դեպի եվրոպական խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը՝ Լոնդոն կամ Ֆրանկֆուրտ, ըստ հաղթողի ցանկության: Կարծում եմ, որ այս ուղևորությունը մեր հաջողակ հաճախորդի և նրան ընկերակցողի համար լավ հնարավորություն կլինի հանգստանալ ամանորյա տոներից հետո և վերադառնալ հետաքրքիր տպավորություններով»,- ասել է «Անելք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ, Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:
Նշենք, որ թողարկված պարտատոմսերն ամբողջ ծավալով և հաջողությամբ տեղաբաշխվել են նախատեսված ժամկետում: Պարտատոմսերը դոլարային են, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, տոկոսների վճարման պարբերականությունը՝ 6-ամիս:
Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի սկզբին Անելիք Բանկն ավարտեց լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման գործընթացը: Բոլոր 405.511 բաժնետոմսերը տեղաբաշխվել են փակ բաժանորդագրությամբ: Համալրումն իրականացվել է բանկի նոր բաժնետիրոջ կողմից, ինչի արդյունքում Բանկի կանոնադրական կապիտալն ավելացրել է 21.8 մլրդ ՀՀ դրամով, հասցնելով 39 մլրդ.դրամի: Արդյունքում, բանկի ընդհանուր կապիտալը կազմեց 36.7 մլրդ.դրամ, գերազանցելով ՀՀ ԿԲ նորմատիվը: Բանկի բաժնետոմսերը ձեռք է բերել կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, որի մասնաբաժինը բանկի կապիտալում կազմեց 59.68%, իսկ նախկին սեփականատիրոջ, լիբանանյան CreditBank S.A.L-ի մասնաբաժինը կազմեց 40,32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO LTD): Բանկի բաժնետերերի կողմից ձևավորվել է Բանկի նոր Խորհուրդ, որում ընդգրկվել են բանկային համակարգում բազմամյա փորձ ունեցող մասնագետներ: Բանկի Խորհրդի նախագահն է դարձել Վարդան Դիլանյանը (Accenture PLC խորհրդատվական ընկերություն): Բանկի Վարչության ղեկավարը չի փոխվել, այն կշարունակի ղեկավարել Ներսես Կարամանուկյանը: