Արմինֆո. Ընթացիկ տարում Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների հոսքի աճ պետք չէ ակնկալել: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի տարածաշրջանային բանկերի ասոցիացիայի տեղեկատվական քաղաքականության Խորհրդի անդամ Իվան Անիսիմովը:
«Իմ գնահատականներով, անկման տեմպերը մի փոքր կդանդաղեն, բայց 2017 թվականին չի հաջողվի դուրս գալ դրական դինամիկայի: Ես դա կապում եմ համաշխարհային, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսական ցուցանիշների նվազման հետ: Դեպի Հայաստան տրանսֆերտների կրճատումը համադրելի է Ռուսաստանի տնտեսական անկման ցուցանիշներին: Տրանսակցիաների ծավալներն ընկան, և լիովին հավանական է, որ այդ միտումը շարունակվի»,-ընդգծել է նա:
Ստեղծված իրավիճակը փորձագետն անվանում է նոր իրողություն, որը, նրա խոսքով, թույլ չի տա վերադառնալ նախկին թվերին: «Այդ ուղղությամբ ճանապարհը կլինի երկար»,-գտնում է նա: Նա իրատեսական է համարում նաև հաջորդ քայլերի կանխատեսումը: «Ներկայումս գլխավորը հասկանալն է, թե ինչպես պետք է գոյատևենք հետագայում: Եթե խոսենք ռուսական տերմիններով, ապա դոլարն արդեն չի արժենա 30 ռուբլի, երբեք»: Նրա կարծիքով, անհրաժեշտ է հարմարվել կյանքի այս նոր պարադիգմին և դրա սահմաներում էլ սովորել զարգանալ: «Հետևաբար, ես ողբերգական չէի դարձնի իրավիճակը, հարցը կայանում է նրանում, որ եղել է որոշակի վերելք, եղել են լավ ժամանակներ, իսկ այժմ վերադարձել ենք մի նոր հարթակ, որից էլ աստիճանաբար պետք է շարժվենք առաջ»,-եզրափակել է նա:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, 2016 թվականի հունվար-նոյեմբերին, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Ռուսաստանի դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվել է 12,7%, մինչև $ 803,4 մլն., իսկ արտահոսքն ավելացել է 28.7%, մինչև $ 305,5 մլն: Արդյունքում, Ռուսաստանից դրամական փոխանցումների զուտ ծավալը հաշվետու ժամանակահատվածում տարեկան կտրվածքով նվազել է 27,1%, մինչև $ 497,9 մլն.: Ռուսաստանի մասնաբաժինը դեպի Հայաստան ներհոսքի կառուցվածքում նվազել է 63%, մինչեւ 61%, իսկ արտահոսքն աճել է` 36% -ից մինչև 43%: Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների զուտ հոսքը 2015 թվականին 1.3 մլրդ. դոլարից կրճատվեց մինչև 719 մլն.դոլար, կրճատվելով 2 անգամ և գրեթե մոտենալով 2009 թվականի ցուցանիշին: Ընդ որում, Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտներ ներհոսքի գերակայությունը Հայաստանից Ռուսաստան արտահոսքի նկատմամբ վերջին երեք տարիներին 8.5 անգամից նվազել է 3.3 անգամ (2009-ին` 4.5 անգամ), երբ ներհոսքի դինամիկան դրական 20%-ից իջավ մինչև բացասական 36%, իսկ արտահոսքի աճը 35%-ից իջավ մինչև 12%: Համեմատության համար նշենք, որ 2009 ճգնաժամային տարում Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների անկումը կազմեց 35%, իսկ Հայաստանից Ռուսաստան արտահոսքի աճը` 16%, ինչը գրեթե նույնն է, ինչ 2015 թվականին: Սակայն, տրանսֆերտային ակտիվության անկմանը նպաստող գործոնները 2009 և 2015 թվականներին տարբեր էին: 2009-ին իրավիճակը վատթարացավ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով, իսկ 2015-ին` Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցների, նավթի գների անկման և ռուբլու փլուզման պատճառով: Իսկ դեպի Հայաստան տրանսֆերտների ներհոսքի ընդհանուր ծավալներում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 63%: