Արմինֆո. Հայաստանի բանկային միությունը բանկային համակարգի զարգացման գործում ցուցաբերած մեծ նվաճումների համար Արդշինբանկի ղեկավարությանը պարգևատրվել է «Տիգրան Մեծ» մեդալով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, պարգևատրումը տեղի է ունեցել հունվարի 17-ին:
Ներկայացնելով մրցանակը` Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը բարձր գնահատեց Արդշինբանկի ղեկավարների գործունեությունը ՀՀ բանկային համակարգի զարգացման գործում, պարգևատրելով Արդշինբանկի խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանին և վարչության նախագահ Մհեր Գրիգորյանին Հայաստանի բանկերի միության կողմից «Տիգրան Մեծ» հուշամեդալներով:
«Ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել պարոն Սաֆարյանին երկարատև և արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ նման ներդրողների և հայրենասեր գործարարների շնորհիվ է, որ կայացել և հաջողությամբ գործում է Հայաստանի բանկային համակարգը», - նշեց Սամվել Ճզմաչյանը: Ի պատասխան Կարեն Սաֆարյանը, որպես երկրի առաջատար բանկերից մեկի ղեկավար, շնորհակալություն հայտնեց Հայաստանի բանկերի միության նախագահին` իր գործունեությունը բարձր գնահատելու համար:
Ինչպես նշեց իր շնորհակալական խոսքում Արդշինբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը, ով պարգևատրվել է սեղմ ժամկետներում արագ և բարձր զարգացումներ ապահովելու համար, Բանկը կշարունակի աշխատել արդյունավետ, որպեսզի առաջիկայում էլ ավելի ամրապնդի հաճախորդների կողմից արժանացած բարձր վստահությունը: «Մենք լավ հասկանում ենք, որ մեր գործունեությունից շատ բան է կախված: Գիտակցելով մեր ունեցած դերը և պատասխանատվությունը` պետք է շարժվենք առաջ` փորձելով լինել լավագույնը և առաջատարը շուկայում», - նշեց Մհեր Գրիգորյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Արդշինբանկի բաժնետերերն են` «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ - 97,52%, Արամ Անդրեասյան - 1.57%, Կարեն Սաֆարյան (ՌԴ) - 0.37%, Ռուդիկ Մկրտումյան – 0,27%, Խաչիկ Զաքարյան - 0.27%, «Միջազգային բիզնես կենտրոն» ՀՁ - 0.0005%: Արդշինբանկի ընդհանուր կապիտալը 2016 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 53.03 մլրդ դրամ (3 տեղ), ակտիվները` 442.2 մլրդ դրամ (2 տեղ), վարկային ներդրումները`328.15 մլրդ դրամ (2 տեղ): Բանկը տարվա առաջին 9 ամիսների ընթացքում շուկայի առաջատարն է զուտ շահույթի գծով - 3,4 մլրդ դրամ, տարեկան աճը`52,5%: «Արդշինբանկ» ՓԲԸ (մինչև 2014 թ. նոյեմբերը`Արդշինինվեստբանկ) հիմնադրվել է 2003 թվականին: Ներկայումս բանկն ունի 56 մասնաճյուղ և մեկ սպասարկման կետ և ներկայացուցչություն Փարիզում: