Արմինֆո. Հայաստանում արդյունաբերական նշանակության արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար միջազգային մրցույթ հայտարարելուց առաջ, հունվարի 25-27-ին Երևանում անցկացվող «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շրջանակներում տեղի կունենա ներդրումային համաժողով։
Այն նպատակ ունի քննարկել արևային կայանների կառուցման համար նեդրումների ներգրավման հնարավորությունները։ Ակնկալվում է օտարերկրյա և տեղական ներդրողների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը։ Ինչպես հայտնի է, անցած տարվա վերջին կառավարությունը հավանություն տվեց արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրին, որի ներդրումային ընդհանուր գինը գնահատվում է շուրջ 129 մլն դոլար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի տարբեր բնակավայրերում կառուցել մինչև 110 մեգավատ հզորությամբ արդյունաբերական մասշտաբի կայաններ։ Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար ընտրված վեց տեղանքներից երկուսի համար իսպանական «Արիես Ինժեներիաե խորհրդատվական ընկերությունն արդեն իրականացրել և ներկայացրել է տեխնիկատնտեսական հիմնավորումները։ Դրանք վերաբերում են Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի վարչական սահմաններում գտնվող «Մասրիկե և «Դաշտադեմե տեղանքներին։
Կայանի կառուցման նպատակով նախատեսվում է փետրվարին հայտարարել միջազգային մրցույթ։ Մրցույթի հիմնական պայմաններից մեկը լինելու է առաջարկվող սակագինը։ Այլ կերպ ասած, առավելությունը տրվելու է նվազագույն սակագնային առաջարկությանը։ Նշենք, որ միջազգային խորհրդատուն շարունակում է աշխատանքները մյուս չորս տեղանքների տեխնիկատնտեսական հիմնավորումների վերաբերյալ։
Ավելի վաղ ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտարարել էր, որ արևային էներգետիկայի զարգացման նախագծի իրականացումը պետք է ունենա լայն աշխարհագրություն` արտադրությունը և սպառումը հավասարակշռելու, ինչպես նաև ցանցի վրա փոփոխական հոսանքի բացասական ազդեցությունը նվազեցնելու համար: Ոլորտի զարգացումով կվերանայվեն նաև սակագները նոր կայանների համար: Հաջորդ փուլը խոշոր արևային էլեկտրակայանի կառուցումն է: Այդ գործընթանցն սկսվել է 2014 թվականին, բայց ակտիվ փուլի մեջ է մտել միայն այսօր: Այլընտրանքային էներգետիկայի զարգացման կլիմայական ներդրումային հիմնադրամը Հայաստանին տրամադրել է 28 մլն.դոլար, որից 2 մլն.դոլարը կլինի դրամաշնորհի, իսկ 26 մլն.դոլարը` վարկի տեսքով: Վարկի պայմանները շատ ձեռնտու են՝ տարեկան 0.25%, 40 տարի մարման ժամկետով և առաջին 20 տարիների համար արտոնյալ ժամանակահատվածով: Դրամաշնորհային միջոցներով կկատարվեն տեղի հետազոտման աշխատանքները, ինչպես նաև նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորման մշակումը, որը նախատեսվում է 100-120 մեգավատ հզորությամբ կայանի համար: Դաշտ է պատրաստվում ներդրողների համար`շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից, ինչպես նաև պատրաստվում են օրենսդրական և նորմատիվային ակտեր: Ներկայումս կան 6 նախագծեր, որոնք կհանվեն մրցույթի: Կհաղթի նա, ով կառաջարկի նվազագույն սակագին: