Արմինֆո. 2016թ.-ի հունվարի 20-ին «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, Բանկի պարտատոմսերի թողարկումը ներառում է 50,000 անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 6.5% տոկոսադրույքով և 2 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMANLBB21ER4) բորսայում կշրջանառվեն ANLBB1 բորսայական հապավմամբ:
Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի սկզբին Անելիք Բանկն ավարտեց լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման գործընթացը: Բոլոր 405.511 բաժնետոմսերը տեղաբաշխվել են փակ բաժանորդագրությամբ: Համալրումն իրականացվել է բանկի նոր բաժնետիրոջ կողմից, ինչի արդյունքում Բանկի կանոնադրական կապիտալն ավելացրել է 21.8 մլրդ ՀՀ դրամով, հասցնելով 39 մլրդ.դրամի: Արդյունքում, բանկի ընդհանուր կապիտալը կազմեց 36.7 մլրդ.դրամ, գերազանցելով ՀՀ ԿԲ նորմատիվը: Բանկի բաժնետոմսերը ձեռք է բերել կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, որի մասնաբաժինը բանկի կապիտալում կազմեց 59.68%, իսկ նախկին սեփականատիրոջ, լիբանանյան CreditBank S.A.L-ի մասնաբաժինը կազմեց 40,32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO LTD): Բանկի բաժնետերերի կողմից ձևավորվել է Բանկի նոր Խորհուրդ, որում ընդգրկվել են բանկային համակարգում բազմամյա փորձ ունեցող մասնագետներ: Բանկի Խորհրդի նախագահն է դարձել Վարդան Դիլանյանը (Accenture PLC խորհրդատվական ընկերություն): Բանկի Վարչության ղեկավարը չի փոխվել, այն կշարունակի ղեկավարել Ներսես Կարամանուկյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Էքսպրես Ռենկինգի, Անելիք Բանկի վարկային պորտֆելը 2016 թվականին ավելացել է 3.6 անգամ, ներդրումները պետական պարտատոմսերում`4.6 անգամ, տեղաբաշումներն ավանդներում/ վարկերում` 14 անգամ, կանխիկ դրամական միջոցները`2.1 անգամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները`3.2 անգամ, միջազգային կառույցներից ներգրավված վարկերի ծավալը`3.3 անգամ: Արդյունքում, բանկի ակտիվները հաշվետու տարվա ընթացքում ավելացել են 3.1 անգամ, պարտավորությունները`3,3 անգամ, իսկ ընդհանուր կապիտալը` 2.5 անգամ: Աճի ամենաբարձր տեմպերն արձանագրել են ակտիվները, քան պարտավորությունները, ինչի արդյունքում Անելիք Բանկի զուտ շահույթն աճել է 6 անգամ, մինչև 1,2 մլրդ դրամ: (ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2016 թվականի դեկտեմբերի 31-ին կազմել է 483.94 դրամ /դոլար):