Արմինֆո. ՀՀ ՊԵԿ-ը հանդես է եկել պարզաբանմամբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ, որ «վարչապետն ու նրա կառավարությունը 6 ամիս շարունակ չեն կարողանում արմատախիլ անել բանանի ներմուծման մենաշնորհը»:
«Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «բանանի մենաշնորհը չի կոտրվել նոր կառավարության գործունեության ընթացքումե, անհրաժեշտ է համարում կրկին հստակեցնել, որ բանանի մենաշնորհի խնդիր չկա: 2016թ. ընթացքում բանանի ներկրում է իրականացրել 48 կազմակերպություն և անհատ: Եթե այս վիճակագրությունն ԱԺ պատգամավորի համար համոզիչ չէ, և եթե պարոն Փաշինյանը տիրապետում է մենաշնորհի գոյությունն ապացուցող տվյալների, ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնում՝ համատեղ քննելու դրանք և ներկայացնելու հանրությանը: Կոմիտեն բաց է ցանկացած համագործակցության համար ու շարունակելու է հետևել բանանի և այլ ապրանքների ներկրման գործընթացի բնականոն պայմանների պահպանմանն ու կանխել ի հայտ եկած խոչընդոտները»,- ասվում է պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, որ 2017 թ. հունվարի 21-ին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում նշել էր, որ գիտակցում է, թե ինչու վարչապետն ու նրա կառավարությունը 6 ամիս շարունակ չեն կարողանում արմատախիլ անել բանանի ներմուծման մենաշնորհը: «Որովհետև բանանի ներմուծման մենաշնորհը չի պատկանում Միհրան Պողոսյանին, իսկ շաքարինը` Սամվել Ալեքսանյանին, այլ պատկանում է անձամբ Սերժ Սարգսյանին, իսկ նա ընտրությունները կազմակերպում է, որպեսզի պահպանի իր մենաշնորհները»,-հայտարարել է քաղաքական գործիչը, հավելելով, որ հաղթանակի դեպքում դաշինքն այդ խնդիրը կլուծի 47 րոպեում:
Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, բանանի ներմուծման մենաշնորհը պատկանում է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին: Այնուամենայնիվ, հոկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտարարել էր, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է անարգել ներկրել ցանկացած ապրանք: Անմիջապես հաջորդել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարականը համապատասխան մարմիններին՝ բիզնեսի համար ապահովել արդար և ազատ մրցակցային միջավայր: Արդեն 2016 թ. նոյեմբերի 7-ին երկրի օրենսգիր մարմնում Հարությունյանը լրագրողներին հավաստիացրել է, որ ներկրման ոլորտում նոր տնտեսվարողներ են հայտնվել: «Մաքսային և հարկային մարմինների կողմից որևէ խոչընդոտ չի եղել»,- ավելացրել է նա: