Արմինֆո. 2017թ.-ի հունվարի 25-ին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 10,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 10.75% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Արժեկտրոններով վճարումները նախատեսված են ըստ եռամսյակների: Ամերիաբանկի պարտատոմսերը (ISIN - AMAMRBB22ER1) բորսայում կշրջանառվեն AMRBB2 բորսայական հապավմամբ: Նշված պարտատոմսերի մարման ժամկետը լրանում է 2018 թվականի նոյեմբերի 1-ին:
Նշենք, որ 2016 թվականի կեսերին Ամերիաբանկը թողարկեց 15 մլն.դոլար ծավալով արժեկտրոնային դոլարային պարտատոմսեր (Abond ցուցակ): Դրա հետ մեկտեղ, 2016 թվականի հունիսին իր ներդրումային կառավարչի` responsAbility Investments AG ընկերության միջոցով լյուքսեմբուրգյան 4 ներդրումային ֆոնդերում հաջողությամբ տեղաբաշխեց 20 մլն.դոլար ծավալով պարտատոմսեր, նախատեսելով տեղաբաշխումից ստացված միջոցներն ուղղել ՓՄՁ ոլորտի վարկավորմանը, ինչպես նաև էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի նախագծերի ֆինանսավորմանը:
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկը հայաստանյան շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: Ամերիաբանկն ունի 12 մասնաճյուղ, որից 8 գտնվում է մայրաքաղաքում, իսկ 4-ը`Հայաստանի մարզերում: Բանկի բաժնետիրական կապիտալում 2015 թվականի դեկտեմբերից Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի մասնակցոթյամբ փոփոխվեցին բաժնետերերի մասնաբաժինները, մասնավորապես, Ameria Group CY ՍՊԸ - 79,3%, իսկ ՎԶԵԲ - 20,7%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Եքսպրես Ռենկինգի, Ամերիաբանկի ընդհանուր կապիտալը 2016 թվականին աճել է 8.6%, մինչև 64,4 մլրդ դրամ կամ $ 133,1 մլն., կուտակված շահույթի է 23.4% աճի հաշվին, մինչև 24,3 մլրդ դրամ կամ $50.1 մլն. ինչպես նաև վերագնահատման պահուստի կտրուկ փոփոխության հաշվին` բացասականից դրական մակարդակ: 2016 թվականը Բանկը եզրափակել է 6,2 մլրդ դրամ կամ $ 12.8 մլն. զուտ շահույթով, ապահովելով 29.2% աճ: Ամերիաբանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը 2017 թվականի հունվարի 1-ին կազմել է 81.9 մլրդ դրամ, 3 անգամ գերազանցելով ընդհանուր կապիտալի նորմատիվային պահանջը (30 մլրդ.դրամ): Բանկի կապիտալի համարժեքության նորմատիվը 2016 թվականի արդյունքներով կազմել է 15.87% (նորմատիվը` 12%), իսկ ընդհանուր իրացվելիության նորմատիվը`31,23% (նորմատիվայինը`15%), ընթացիկ իրացվելիության նորմատիվը`133,17% (նոարմատիվայինը`60%), նախորդ տարվա, համապատասխանաբար`15.07%, 29.91% և 151.26% փոխարեն: Բանկն առաջատարն է նաև արդյունաբերական ոլորտի վարկավորման հատվածում (ներառյալ էներգետիկ համալիրը), գյուղատնտեսության, շինարարության, առևտրի, տրանսպորտի և կապի, հանրային սննդի և ծառայությունների, հիփոթեքային վարկավորման ոլորտներում: Բանկն առաջատարն է նաև ժամկետային ավանդների և ցպահանջ ավանդների ծավալներով: