Արմինֆո. ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենը գտնում է, որ Բելառուսի Հանրապետության հետ առևտրատնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ է աշխատել համատեղ ձեռնարկություններ ստեղծելու ուղղությամբ, որոնք երրորդ երկրների շուկաներ հաջող ելք կապահովեն երկու երկրին, հայ-բելառուսական գործարար հանդիպման շրջանակներում լրագրողներին հայտարարել է Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը:
Նրա խոսքով, տեղական շուկայի փոքր ծավալների պատճառով Հայաստանը չի կարող իրացման շահեկան շուկա ապահովել բելառուսցի գործարարի համար: «Այս առումով անհրաժեշտ է համախմբել ջանքերը և աշխատել Իրանի, Սիրիայի, Իրաքի շուկաներ դուրս գալու ուղղությամբ»,- նշել է նա: Երրորդ երկրների շուկաներ հաջող ելքի կարելի է հասնել, եթե բելառուսական կողմը տեխնոլոգիաներով ապահովի Հայաստանին, որտեղ համատեղ արտադրություն կկազմակերպվի՝ տեղական աշխատուժի օգտագործմամբ: Ինչպես հայտարարել է ՀՀ ԱԱՊ տնօրենը, նման հեռանկարներ կան սննդամթերքի վերամշակման ոլորտում: Թե որքանով այդ ծրագրերը կհետաքրքրեն բելառուսցի գործընկերներին, դեռ հայտնի չէ, բայց ինչպես Անդրանիկ Ալեքսանյանն է գտնում, առաջարկը բավական հրապուրիչ է, քանի որ բելառուսցի գործարարները հետաքրքրված են իրանական շուկա դուրս գալու հարցում:
Հունվարի 25-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացել է հայ-բելառուսական գործարար հանդիպում, որի նպատակը երկու երկրների գործարարների փոխշահավետ համագործակցությանն աջակցությունն է: